Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարծում եմ, որ գիրքը վատ չի վաճառվի, որքան որ կարող է վաճառվել հայերեն գիրքը, որի ընթերցող կոնտինգենտը շատ սահմանափակ է, և գրքի վաճառքն էլ քիչ է զարգացած. շատ քաղաքներում, որտեղ շատ հայեր կան, հատուկ հայկական գրախանութներ չկան, գրքեր չեն վաճառվում։

Իսկ գրքի նյութական հաջողությունը պակաս կարևոր չէ, քան մյուսը։ Վերջ ի վերջո լավ, իսկական գրական գործիչը պետք է հարուստ մարդ լինի, այլապես դժվար է, և ոչ միայն մեզանում, որտեղ գիրքը չի կերակրում, այլև մեծ ժողովուրղների մեջ, որտեղ վերջ ի վերջո փող են վաստակում այնպիսի «գրողները», ինչպես Վերբիցկայան է, իսկ իսկականներից քչերն են երջանիկ։ Բայց այս բոլորը հետաքրքիր չէ։ Թողնենք։

Դե, ինչպե՞ս եք ապրում դուք, Անտենկա։ Ի՞նչ եք անում։

Անցյալ նամակումս մի այսպիսի արտահայտություն կար. «Պարզվում է, որ դուք կարողանում եք արագ մոռանալ, դուք երջանիկ մարդ եք» (դա այն նամակում էր, որ չէի ուղարկել)։

Մի՞թե իրոք այդպես հազվադեպ եք մտաբերում Վահանին։ Ավելի հաճախ մտաբերեք։ Շուտով եկեք Մոսկվա, և մեզ համար լավ կլինի։

Ձեր նամակը կարդալուց հետո վրաս նիրհ եկավ։ Դա ժամը վեցին էր, ճաշից հետո։ Կիսաքուն՝ ես տեսնում էի ձեզ։ Ափսոսացի, որ արթնացա։ Այնպե՜ս լավ էի զգում։

Աղաչում եմ ձեզ, շուտով եկեք Մոսկվա։ Գրեցեք։

Համբուրում է Ձեր Վահանը

Մի բարկացեք այս նամակի համար, շատ եմ խնդրում ձեզ։ Գրեցեք, որպեսզի գիտենամ, որ չեք բարկանում։

Վ.

32. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1912, 7 օգոստոսի, Ստավրոպոլ

Սիրելի Անտենկա

Այսօր պարզվեց, որ մինչև օգոստոսի 22-ը պետք է Ստավրոպոլում մնամ։ Շտապում եմ հայտնել այդ մասին, որպեսզի այն