Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դա։ Այդ րոպեներին ես զգում եմ, որ հասկանում եմ երաժշտությունը, երաժշտության հոգին (բայց ոչ «պաշտոնական» — եթե կարելի է այսպես արտահայտվել, ոչ «ձևական» երաժշտությունը)։ Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի։ Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն։ Երաժշտությունը իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով ես լսում եմ։ Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ։ Ահա թե ինչու երբեմն որևէ նշանավոր սիմֆոնիա ինձ չի հուզում, իսկ «երգեհոնիկը աշնանային եղանակին» խելքահան է անում։ Շատ եմ մտածել այդ մասին, բայց լավ է թողնենք այդ, որովհետև վախենում եմ ձեզ ձանձրացնել այս փիլիսոփայությամբ։ Բայց, համենայն դեպս, մտածեցեք այդ մասին, ճշմարիտ, շատ կուզենայի, որ ինձ հասկանայիք։ Ահա այդպիսի մտքերով և ապրումներով ես դնում եմ այնքան հեռու և, ինձ թվում է, նույնիսկ խորը, որ արդեն իրականության մեջ ինձնից մնում է միայն ինչ-որ մեխանիկական բան, այսինքն՝ ես չեմ լինում, հոգեպես բացակայում եմ, և խոսում են շրթունքներս, իսկ հոգիս լուռ է և մտքերս հեռու։ Ահա դա է պատճառը, որ այդպես հաճախ ես դուրս եմ տալիս, ինչ որ խելքիս փչեց, չէ՞ որ այդպիսի պահերին դա կարևոր չէ, և մարդիկ շատ հաճախ ինձ համարում են հիմար կամ տափակամիտ։ Ասենք, ի՛նչ իմանաս, գուցե և նրանք իրավացի են։ Բայց իմ զգացողությունն այդպիսին չէ և, ճշմարիտ, երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում։ Չէ՞ որ իմ հոգին ընունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն։ Սա ձեզ ասում եմ ոչ թե ինքնագովության համար, այլ նրա համար, որ վճռելով անկեղծ լինել, չեմ ուզում սուտ ասել իմ ապրումների և զգացմունքների մասին։ Ահա այդ առանձնությունը ինձ համար պարզ է դարձնում այն, ինչը շատերին թվում է չափազանց բարդ ու սարսափելի։ Ահա, օրինակ, ձեր Մարթան ինձ իսկապես համարում է աստված դիտե թե ինչ։ Դա ինձ համար շատ ցավալի է, առավել ևս, որ նրա մասին միշտ լավն եմ լսել ձեզնից, և ես ինքս էլ նրան շատ լավ աղջիկ եմ համարում։ Բայց գոնե դուք, իմ սիրելի բարեկամ, իհարկե իմ մասին այդպիսի վատ կարծիքի չեք, չնայած