37. Ա. ՎՐՈԻՅՐԻՆ
Մեծահարգ պարոն Վրույր
Մեր բարեկամ պարոն Ծատուրյանը հայտնեց ինձ, որ Դուք մտադիր եք վերսկսելու «Հուշարար»֊ի հրատարակությունը, միևնույն ժամանակ ցանկություն հայտնեց, որ ուղարկեմ Ձեզ նրա կենսագրության վերաբերվող նյութերը, որ ես հավաքել էի նրա հոբելյանի ժամանակ ուսանողական Հայրենակցության հրավերով՝ բանաստեղծի մասին մի ռեֆերատ կարդալու համար։ Բոլոր նյութերը, նմանապես և իմ հոդվածը Ծատուրյանի մասին, ավելորդ համարեցի ուղարկելու և ժամանակ էլ չկար (որովհետև շատ երկար բան կլիներ, մի բան, որ Ձեզ համար էլ ցանկալի չէ, անշուշտ), ուստի գրի առա մեր բանաստեղծի կյանքի գլխավոր դեպքերը և ահա ուղարկում եմ Ձեզ։ Օգտվեցեք ինչպես կամենաք—կարող եք կրճատել, վերջապես, եթե ուզում եք այդ նյութից օգտվեցեք և գրեցեք ինքներդ, մի խոսքով իմ ցանկությունն է կատարել Ձեր և Ծատուրյանի խնդիրքը։ Եթե այդ «Կենսագրական նկատողությունը» տպեք, խնդրում եմ անունս չդնեք տակը, որովհետև ես, ճիշտն ասած, ինքս գոհ չեմ այդ նկատողությունիցս և չէի ուզենալ ստորագրել այն, իսկ հիմնավոր կերպով մշակելու և այնպես ուղարկելու ժամանակ չեղավ — հիվանդությունս խանգարեց։
Ուղարկում եմ նաև երկու թարգմանական բանաստեղծություն Վալերի Բրյուսովից «Հուշարար»-ի առաջիկա №-ի համար։ Արդ, ցանկանում եմ Ձեզ կատարյալ հաջողություն։
Ընդունեցեք հարգանքս և բարևներս։
Հասցես՝ 3-я Тверская Ямская,
д. Бородина, кв. 29, Вагану Терьян