Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

38. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1912, 19 նոյեմբերի, Մոսկվա

Սիրելի Ցոլակ

Վաղուց է քեզ չեմ գրել։ Վերջերս վրաս մի զարմանալի թմրություն է իջել։ Հավաս չկա գրելու ոչ ոքին և ոչ ոքին չեմ գրում։ Չորս ամիս է Ավոյին չեմ կարողանում մի պատասխան նամակ գրել։ Ի՞նչ խոսք, որ գրելու բան, քեզ գրելու, միշտ էլ լինում է, բայց, ասում եմ, չի գրվում։ Ոչ միայն նամակ չի գրվում, այլ առհասարակ, թեև «առհասարակ» էլ գրելու բան գլխումս շատ կա։ Ինչևէ։ Քո մեծ նամակում խոսել ես «Գարուն»-ի մասին և, ի միջի այլոց, գրել ես, թե ինչո՞ւ խմբագրությունը («Գարուն»-ի) իր կարծիքը փոխել է այժմ քո հոդվածի մասին (Հասարակական կարծիքի ազդեցության տակ)։ Չգիտեմ ո՞ւմ է վերաբերվում այդ, Համենայն դեպս я не повинен в этом. Հոդվածիդ մասին կարծիքս եմ փոխել։ Մինչև օրս էլ քո մի քանի հայտարարությունները օրինակ, ազգայինի և ապազգայինի մասին, Ահարոնյանի մեծ քաղաքացի լինելու մասին, նրա հումանիստության մասին, վերջապես քրիստոնեության մասին, սիրո մասին) համարում եմ մասամբ голословным, մասամբ սխալ և այժմ ավելի քան առաջ գտնում եմ, որ հոդվածդ շատ ավելի հաջող կլիներ (ընդհանուր առմամբ չէ՞ որ ես հոդվածդ հաջող էի համարում, եթե հիշում ես), եթե մի քանի բան դուրս հանեինք, եթե խմբագրությունը մի քիչ ավելի կարգին խմբագրություն լիներ և ոչ այսպիսի «կոնգլոմերատ»: Թեև ես քեզ ավելի տաղանդավոր ու բարձր եմ համարում, քան քո պրոտեժե Մազմանյանին, սակայն կարծում եմ դու, վերջ ի վերջո, նրա նման անհաշտ չէիր լինի և փոփոխություն թույլ կտայիր հոդվածումդ։ Ուրիշ բան է առանձին գիրքը ու հեղինակը, թեկուզ ի վնաս իրան, տպում է այն, ինչ ուզում է, ուրիշ բան է ժողովածուն կամ ժուռնալը։ Այնպես չէ՞։ Մի բան էլ եմ ուզում ասել քեզ այդ մեծ նամակիդ առթիվ։ Ո՛վ Ցոլակ, շատ մի ոգևորվիր սեմինարիստների (թեկուզ համալսարանավարտ, թեկուզ «հայտնի») գովեստներով։ Քննադա՛տ, քննադատորեն նայիր այդ ամենի վրա։ Ես չեմ ուզում քո ոգևորությունը թուլացնել— քավ լիցի побольше бы այդ փրկարար ոգևորությունից, больше!