Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միայն Աստված չանի, [որ մեծամտանաս, ոչ, չեմ կարծում, որ այդպես լինի, այլ միամտվես և (մի անընթեռնելի բառ— Վ. Պ.)], որովհետև երբ կտեսնես, որ այդ գովեստներն ու «փառքը» 2 ռուբլի 37 կոպեկ չարժեն, այն ժամանակ քեզ չգնահատված հանճար կզգաս և [կգազազես, որ հատկապես հասարակական գործչին և գրողին բոլորովին սազական չէ]։ Վախենում եմ ես անչափ ոգևորությունից, վախենում եմ, որովհետև հեղափոխությունից հետո ռեակցիա է լինում, ավա՜ղ։ Իսկ մեր այս «անհաստատ», «անուղի», «մոլոր ու մութ» օրերում հարկավոր է ամենից շատ պողպատի կարծրություն և հաստատություն։

«Մշակ»-ում գրած հոդվածներդ չհավանեցի, սիրելիս, նրա համար, որ մի տեսակ ինքնարդարացման նման բան կա դրանցում և էապես հարցերը չես շոշափում, թեև գուցե դա նրանից է, որ հոդվածդ կրճատել են։ Հիմա, սիրելիս, պատրաստվիր հետևյալ ալմանախի համար, վասնզի այժմ չորս գիրք ապահովված կարելի է համարել։ Բուդաղյանը խոստանում է տարեկան 2000 ռուբլի «Պանթեոն»-ին և «Գարուն»-ին այն պայմանով, որ տարեկան 4 գիրք տպենք. այս երկու օրս գնալու ենք նրա մոտ և առաջարկելու, որ երկու տարվա ընթացքում տա 5000 ռուբլի (որ Մամիկոնյանի ասելով նա կտա — տարեկան 500 ռուբլուց ավել, քան ինքն է առաջարկել), և որ այդ փողը տա по мере надобности, այսինքն ոչ թե ամեն գրքի համար, այլ այնպես, որ առաջին գրքերը հրատարակենք, հոնորարը տանք և արդեն հետո, երբ գրքերից փող կստանանք, հետևյալները հրատարակենք այդ փողով։ Չգիտեմ հասկացա՞ր, թե՞ չէ։ Ինչևէ, այդ 500-ով հրատարակվելու է 8 գիրք երկու տարվա ընթացքում՝ չորս գիրք «Պանթեոն»-ի, չորս «Գարուն»-ի։ Причем позволь похвастаться — Մամիկոնյանը եկել էր ժողովին («Գարուն»-ի) և ասաց, որ եթե ես ու Մակը ուզենանք, նա մեզ կտա, իսկ «Գարուն»-ին՝ ոչ, այդ ժամանակ Ծատուրյանը (պոետ) корчился, как Мефистофель—да-с! Տեսնո՞ւմ ես ինչ է «Պանթեոնը», знай же наших сд! Таким образом մենք ունենք 2500-ական ռուբլի սուբսիդիա։ Радуйся и веселись! Շուտով ձեռնարկում ենք Շնիցլերի II հատորին — ապա Հաուպտմանին ու Լերմոնտովին։ Այժմ մտածում ենք հետագա գրքերի մասին։ Հա, պիտի ավելացնեմ, որ Բուդաղյանը 2000-ական ռուբլի (տարեկան) առաջարկել էր առանց որոշելու տարիների թիվը. ուրեմն դա կարող է