եք ինձ, այնպես չէ՞, Անտենկա։ Մինայ Դավիդովիչի մահը ինձ խորապես վշտացրեց, ոչ միայն նրա համար, որ նա իմ լավ ծանոթն էր, ձեր հայրը, այլև նրա համար, որ նա ամբողջովին մի տեսակ առանձնահատուկ կերպով ինձ համար համակրելի ու սիրելի էր։ Մեր հազվադեպ հանդիպումները իմ մեջ թողել են անջնջելի լուսավոր տպավորություն։ Այդ կարճատև հանդիպումները, աննշան խոսակցությունները, ինձ միանգամից համոզեցին, որ գործ ունեմ առանձնահատուկ անձնավորության հետ։ Գիտե՞ք, կան տաղանդ ունեցող, որոշակի գիտության, պոեզիայի, առհասարակ արվեստի ընդունակություններով օժտված մարդիկ, կան և մարդկայնության տաղանդով օժտված մարդիկ։ Ես ուզում եմ ասել, որ, օրինակ, Պուշկինը տաղանդավոր բանաստեղծ է, իսկ N- ը՝ տաղանդավոր մարդ: Կարելի է լինել հանճարեղ գրող, կոմպոզիտոր, մաթեմատիկոս, բայց ապաշնորհ մարդ: Կարելի է գիտության ու արվեստի ոչ մի բնագավառում ընդունակություններ չունենալ, բայց լինել հանճարեղ մարդ: Տաղանդավոր գրողները զարդարում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը։ Ահա այդպիսին էի համարում ձեր հորը, բոլորովին անկախ այն բանից, որ նա ձեր հայրն է, այսինքն՝ իմ բարեկամի հայրը կամ ավելի ճիշտ՝ բարեկամներիս (ես չե՞մ սխալվում )։
Մարդկանց մեծ մասը մեռնում է, մեր սրտում առանց որևէ հետք թողնելու. նրանք իրոք մեռնում են: Այնպիսի մարդիկ, ինչպիսին սիրելի, լավ Մինայ Դավիդովիչն էր, չեն մեռնում։ Այդպես, օրինակ, ապրում է իմ մեջ, իմ սրտի մեջ, մայրս, որին մարդիկ թաղել են ուր-որ հեռու-հեռու գյուղի գերեզմանատանը: Հավատացնում եմ ձեզ, Անտենկա, մայրս մշտապես ինձ հետ է և նա ավելի շուտ չի մեռնի, քան ես։ Սա մխիթարելու համար չեմ ասում։ Թախծում եմ, ճիշտ է, բայց այնպե՜ս լուսավոր, հնազանդ ու մեղմ է իմ թախիծը, այնպե՜ս լուսավոր։ Այնքան քիչ են մեր մեջ այդպիսի լուսավոր հետք թողնող մարդիկ։ Բայց ձեր հայրը հենց այդպիսին էր։ Որքա՜ն նա մեղմ էր, բարի, լուսավոր-լուսավոր։ Ես այնպես վառ եմ պատկերացնում նրան։ Ահա հաճախ հայհոյում են հայերին, թե, իբր, նրանք լավը չեն։ Իսկ նա ախր հենց լավ հայ էր։ Այն ամեն լավագույնը, որ դիտել եմ մեր ազգի մեջ, ես տեսնում էի նրա մեջ։ Ահա թե էլի ինչու էի սիրում նրան։ Դրա