Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նամակիդ և հայտնել քեզ իմ կարծիքները այն խնդիրների առթիվ, որոնց նվիրված է քո նամակը։ Առավել ևս կարևոր է դառնում այդ շնորհիվ այն հանգամանքի, որ, ըստ երևույթին, ես այնքան մեծ նշանակություն չեմ տվել մինչ այժմ այն հարցերին ու թյուրիմացություններին, որ տեղիք են տվել ներկա հարաբերություններին քո և Պաոլոյի միջև։ Միևնույն ժամանակ այդ պարագաներում իմ կարծիքը հայտնել և դիրքս որոշելը ամենապարզ կերպով դառնում է ոչ միայն ցանկալի կամ ոչ ցանկալի, այլ անհրաժեշտ ինձ իսկ համար:

Հակառակ իմ սպասածին այդ գործը ընդունեց սուր կերպարանք, և ես, իբրև «կողմնակի» մարդ, պիտի ասեմ, որ ինձ համար բոլորովին անսպասելի կերպով հարցի վրա ավելի նյարդային և անհամ բերող ոգով ես նայել: Դու, մինչդեռ ես մինչև այժմ տրամադիր էի կարծելու և սպասում էի, որ դու ավելի հաշտ (примирительный) տոն կունենաս, քան թե Պողոսը։ Սակայն ավելի լավ է անցնեմ խնդրի էությանը և նամակիդ պատասխանեմ կետ առ կետ և այնտեղ, հուսով եմ, ավելի կպարզվի իմ տեսակետը։ Հույս ունեմ, որ չես կասկածելու իմ ամենաանկեղծ ընկերական վերաբերմունքին թե՛ դեպի քեզ, թե՛ դեպի Պողոսը և դրա համար, կարծում եմ, ինձ չես մեղադրի անաչառության մեջ եթե քեզ դուր չգան իմ ասելիքներից մի քանիսը—դա պետք է վերագրես իմ մտածողության և զգացողության՝ ինչ որ մտածում եմ և զգում, այն էլ պիտի ասեմ՝ դուր գա քեզ թե չգա — միևնույն է, միայն թե լինեմ անկեղծ և անաչառ, իսկ այդ երկու պայմանը ես հուսով եմ իրագործելու, քանի որ թանկ եք ինձ համար և՛ դու, և՛ Պողոսը, և ձեր մեջ ծագած վեճը ինձ խորին ցավ է պատճառում։

1. Դու նախազգուշացնում ես ինձ, որ գրգռված չես և քո մեջ վիրավորված ինքնասիրությունը չի խոսում։ Սխալվում ես, որովհետև նամակիդ մեջ Պողոսի նամակին ու վարքին այնպիսի որակումներ ես տալիս, որոնք պարզ խոսում են քո վերը հիշած պնդումի դեմ, օրինակ — «հրեշավոր անամոթություն», «գեշ» (гадкий) վարմունք, «գարշելի» մեղադրանքներ, «ստոր» ակնարկներ և այլն։ Այս խոսքերը ցույց են տալիս ավելի քան սովորական գրգռված դրությունդ, որովհետև իրոք ինձ հաստատապես հայտնի է, որ Պողոսի թե՛ վերաբերմունքը, թե՛ վարմունքը բնավ չի կարող որակվել այդպես ոչ միայն նրա համար, որ նա սկզբից, որքան ինձ