Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայտնի է, իր նամակում գործածած խոսքերին այդպիսի մշտնջենական և մարդուն որակող շեշտ չի տվել, այլև այն, որ նա գրել է այդ նամակը գրգռված, իրավացի զայրույթի ժամին և իր ընկերոջը, թեկուզև այն ընկերոջը, որից շատ դժգոհ է եղել, սակայն որի մասին իր կարծիքը էապես չի փոխել։ Իմ կարծիքով դու, դժբախտաբար, հարցի խորը թափանցելու ճիգ չես արել և շատ ես ազատ թողել այն գազանին, որը ինքնասիրություն է կոչվում և այն ոչ լավ տեսակի ինքնասիրություն։ Ես սկզբից իսկ մեծ նշանակություն չտվի այդ ձեր դժգոհություններին, որովհետև առիթը, որ ստեղծել է այդ դժգոհությունները, ձեր մտերիմ ու հնամյա հարաբերությունների համար միայն մի անախորժ ինցիդենտ կարող էր լինել, ոչ ավել։ Մինչդեռ ուրիշ կերպ եղավ։

2. Դու պատմում ես քո վերաբերմունքի մասին (դեպի Պողոսը) և ասում, որ այն համարել են «սիրահարական»։ Անհնար եմ համարում կասկածել դրանում։ Սակայն դու, որ ասում ես, թե Պողոսը վատ է և այլն նրա համար, որ նա «դավաճանում» է մի դատարկ բանի համար ու մոռանում երկարամյա մտերմությունն ու աղ ու հացը—ինքդ չես նկատում, որ դու ինքդ էլ նույնն ես անում։ Ինչո՞ւ դու քեզ համար հնարավոր և ներելի ես համարում խզելու կապերդ նրա հետ նույն պատճառով (ավելին կասեմ—երբ դու, ավել թե պակաս, միևնույն է, մեղավոր ես նրա առաջ—դրա մասին քիչ հետո), իսկ նրան զրկում ես այդ «իրավունքից», որը չպետք է ունենա ձեզնից ոչ մեկը։ Եվ դու ավելին ես անում—ոչ միայն խզում ես կապերդ, այլև նրան այլևս գրեթե անարժան մարդ ես հայտարարում, մինչդեռ նա այդպես չէր ասում։ Այսինքն եթե խզում էլ էր կապերը (որ, կարծեմ, նույնպես սխալ է), երբեք քո մասին վատ չէր ասում ընդհանուր առմամբ, այլ խոսում էր լոկ այդ վարմունքիդ վատության մասին և այն ոչ այնպիսի կտրուկ ու խիստ ոճով, գոնե ինձ հետ խոսելիս և որքան հիշում եմ վերջին նամակում, որ ինձ կարդաց։

3.Դու պատմում ես, թե ինչպես է պատահել հոդվածի կրճատումը և պնդում ես, որ ամեն կերպ պաշտպանել ես այն և զիջել ես միայն այն ժամանակ, երբ Հակոբյանը ցույց է տվել քեզ մի խոշոր սխալ Պաոլոյի հոդվածում։ Այդ սխալը կայանում է նրանում, որ Պողոսը ասում է, թե Հովհաննիսյանը դրվատում է հայրենի արքունիքը և чуть ли не ստրկությունը։ Դու, ըստ երևույթին,