Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արված է նրա ասելով, և, թեև դու ասում ես, թե էական փոփոխում չի մտցրված, սակայն քո խոսքերը վերհիշած «սխալի» մասին ցույց են տալիս, որ էական է եղել ուղղումը։ Պողոսը, կարծում եմ, էլի այնքան չէր վիրավորվի, եթե դու առաջ գրեիր, որ դու միակ խմբագիրը չես և որ կարողությանդ չափ պաշտպանել ես նրա հոդվածը, բայց չի անցել և միայն հետո, ցանկանալով նրա հոդվածը այնուամենայնիվ տպված տեսնել, պատասխանատվությունը վրադ ես վերցրել ու թույլ տվել փոփոխումը, թեկուզև էական: Բայց քո բացի՜կը...

6. Եվ դրա համար, երբ նա խմբագրությանը դիմեց իր նամակով, դուք չպիտի «որակեիք» նրա նամակը նախ, որովհետև նա արդարացի է, երկրորդ, որովհետև, ըստ իս, ձեր որակումը սխալ է և ցույց է տալիս խմբագրության չափազանց «քաղաքավարությունը», որը ավելի խիստ որակումի է արժանի, քան Պողոսի անքաղաքավարությունը։ Այդ քաղաքավարությունը «չտեսի» քաղաքավարություն է և, իմ կարծիքով, ցույց է տալիս, որ խմբադրությունը իսկական քաղաքավարության մասին հասկացողություն չունի։ «Կռտել» նշանակում է կաստրացիայի ենթարկել — кастрировать, кастрация— այդ բառերը կգտնեք ամեն մի «վայելուչ» գրքում ու թերթում, բայց իմացած պիտի լինի խմբագրությունը, որ մեծ գրողները ավելի «անվայել» խոսքեր էլ են գործածում, մինչև անգամ այնպիսի գրողներ, որոնք, իհարկե, ավելի բարձր ու ազնվական դաստիարակություն են ստացել և [նրանց թայը չեն, որոնք (ես նկատի ունեմ մեր սեմինարիստներին, նույնիսկ արտասահմանյան) յուրացնում են լակեյական բարեվայելչությունը և երևակայում են, թե «դաստիարակված» մարդիկ են — օրինակների համար հեռու գնալ պետք չէ, միայն հարկավոր է մի փոքր դիտողականություն ունենալ...]։ Բրանդեսը ասում է իր մի հոդվածում, թե Գյոթեի մասին մեր օրերում կարծիք հայտնողները դրանով և իրանք իրանց որոշ ատեստացիա են տալիս — այդ միտքը ընդհանրացնել կարելի է՝ երբ մի մարդ հայտնում է կարծիք մեծ մասամբ, եթե ոչ միշտ, իրա մասին է ատեստացիա տալիս։ Այդպիսի մի ատեստացիա է ձեր խմբագրության կարծիքը, որ դուր կգա նմաններին, բայց ինձ համար այդ կարծիքը մի զզվելի սուտ քրիստոնեություն է, մի կեղծիք, որովհետև այդ մարդիկ իսկական ներքին վայելչության մասին