Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե նա, և դու պիտի նրանից ներողություն խնդրես—այդ եմ համարում ես իսկական ներողամտություն։ Իսկ քո ասածը ներողամտության ամենակոպիտ ձևն է, այնպես չէ՞։ Սակայն պարզ է, որ երբ ես ասել էի քեզ ներողամիտ պիտի լինենք միմյանց վերաբերմամբ (Պողոսը կարծում է, թե ես քեզ գրել եմ, որ դու նրան պիտի ներես, պիտի զիջող լինես — դա սխալ է, որովհետև ես առհասարակ ասել էի, որ մենք, ընկերներս, որ ապրում ենք «գազանների» մեջ, պիտի մանրակրկիտ չլինենք միմյանց վերաբերմամբ, պիտի շատ բան ներենք, շատ բան չնկատենք, մոռանանք), իսկ ներկա դեպքում մեղավոր (թեև ոչ մեծ մեղքի մեջ, ավելի շուտ սխալված) համարում եմ քեզ և ուրեմն առավել ևս դու իրավունք չունես պահանջելու, որ Պողոսը զղջա և այլն։ Կրկնում եմ, ինչ վերաբերվում է նրա նամակի դարձվածներին, դա նշանակություն չունի, որովհետև հաստատ գիտեմ, որ խոսքերը նշանակություն չունեն, նա հայհոյել է իբրև ընկեր, առանց մտածելու ձևի մասին, քանի որ մեր մեջ ի՞նչ խոսք ձևի մասին։ Բացի այդ, պարզ է, որ գրգռված դրության մեջ նա կարող էր խիստ լեզու գործածել դա դեռ վերաբերմունք չէ դեպի ընկերը։ Երբ նա քեզ գրեց հայհոյական նամակը, դու կարող էիր գրել նրան, որ դու կատարյալ տեր ու տնօրեն չես, որ սխալվել ես, թույլ տալով (թեկուզ այնպիսի մարդու, ինչպես Հակոբյանը) կրճատել նրա հոդվածն ու «սխալներն ուղղել», խնդրել, որ նա չնեղանա շատ, առանձին ուշադրություն չդարձնի մի լրագրական հոդվածի վրա, որը, մանավանդ, պիտի առանձին լույս տեսնի, որ, մի խոսքով, դու սխալվել ես: Երբ Պողոսը իր նամակում հիշում է իր վերաբերմունքը դեպի քո հոդվածը, նա օրինակ է բերել միայն, թե ինչպես պետք է վարվել ուրիշի հոդվածի հետ (ես անձամբ կողմնակից եմ եղել քո այն հոդվածի մի քանի տեղը կրճատելու—իհարկե քո համաձայնությամբ—և այժմ էլ նույն կարծիքին եմ), իսկ դու նրա այդ հիշատակությունը ընդունել ես իբր թե նա քեզ ապերախտության մեջ է մեղադրում։ Հիրավի նա ասում է, որ դու, իբրև մոտիկ ընկեր, պիտի շատ զգույշ ու ուշադիր լինեիր դեպի ընկերոջ հոդվածը (ինչպես ինքն է արել), մինչդեռ կրճատումը, որ դուք արել եք, նրան այնքան ահռելի է թվացել, որ նա ենթադրել է անուշադրություն քո կողմից։ Ինչո՞ւ դու նրա նամակին ամենահանգիստ կերպով չպատասխանեցիր քո թեկուզ սխալ բացատրությամբ,