Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաներ ասել, միշտ մաքուր լինել (пошлый չլինել)։ Ընդհակառակը — ես ավելի հաճախ սխալ եմ անում, հիմարություններ եմ ասում, կեղտոտ բաներ եմ ասում, ցոփ եմ լինում և այլն, և այլն։ Սա մի անգամ ընդմիշտ հայտնի լինի քեզ, թեև կարծում եմ, որ մինչ այժմ էլ հայտնի է եղել և երևի դրա համար է, որ մենք ընկերներ ենք մնացել։ Եվ թող օրհնված լինի մեր ընկերությունը, որովհետև իմ կյանքի բարձրագույն խոհերի րոպեին ես ձեզ հետ եմ եղել և ամենածանր հոգեկան րոպեներին, կասկածի ու վարանումի, տանջանքի ու մենակության ժամերին, օրերին, տարիներին ամենախոր ու պայծառ մխիթարություն ստացել եմ ձեզանից ու ձեր շրջանում։ Վերջին ժամանակներս ես հիրավի չխոսկան եմ դարձել — դա պայմանավորված է և արտաքին պատճառներով, և ներքին հոգեկան, բայց դա չի նշանակում, որ ես դադարել եմ իմ ընկերներին սիրելուց կամ հարգելուց։ Երբեք։ Ընդհակառակը՝ քանի գնացել ավելացել է այդ։ Իհարկե, շատ բաներում մեր կարծիքներն ու տեսակետները կարող են փոխվել ու տարբեր լինել, բայց դա երբեք չի խանգարելու մեզ սիրելու միմյանց։ Մեր հարաբերություններն էլ փոխվում են բնականաբար, քանի որ փոխվում է կյանքը, պայմանները, մենք մեծանում ենք և այլն, բայց էությունը նույնն է, սիրելի Ցոլակ։ Օնիկի գլխավոր սխալը այն է, որ նա ուզում էր այն, ինչ ճեմարանում էր, երբ ես 6-րդ դասարանում էի, իսկ ինքը՝ 5-րդ, կամ ես՝ 4-րդում, ինքը՝ 3-րդում։ Այդ չէր կարող լինել, որովհետև ես ահագին մարդ եմ (28 տարեկա՜ն — ծերացա՜նք, կես կյանքերս գնա՜ց), ինքը նմանապես։ Մի՞թե երբ 60 տարեկան դառնանք էլի պիտի գիմնազիստի ընկերություն անենք։ Ինչո՞ւ, և մի՞թե դա լավ կլինի։ Չէ՞ որ դա կնշանակե անշարժություն, դա մեր քարության նշան կլինի, այնպես չէ՞։ Թող փոխվի ամեն ինչ, միայն թե մնա մեր փոխադարձ սերն ու հարգանքը, մեր ընկերության էականը, գլխավորը։ Անցյալ տարի Ստավրոպոլում ես այնքան ձանձրացա Սուսաննայից, որ երբ նա գնաց ժելեզնովոդսկ, առաջին րոպեին ես ուրախ էի, որովհետև մարդկային դեմքն անգամ երբեմն անտանելի է լինում, ներկայությունը մշտական գրգռում է և զայրացնում։ Բայց շատ շուտ ես զգացի այն կարոտը, որ սիրող մարդը կարող է զգալ, այն դատարկությունը, այն բացը, որ քեզ պիտի ծանոթ լինի։ Եվ հետո՞. չէ՞ որ անտանելի է քաղցր ու մեղցր սերը — սերը ելևէջներ