Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունի և երբեմն այդ անհարթ ելևէջները, այդ բարձրացող «հակասիրային» ալիքները այնքան վեր են բարձրանում, որ կարծես թե ատելություն են դառնում։ Դրա համար է, որ ասում են, թե սերը և ատելությունը շատ մոտ են իրար։ Ատելությունը մի տեսակ ֆիլտրացիա է և նրանից վախենալու չէ, միայն թե լինի սերը — այդպես է թվում ինձ։ Ասում ես, եթե «նաղլ անեմ, օրեր են պետք»։ Իսկ ի՜նձ... Այնքան բան կա, որ անհնար է գրելը։ Այսքանը հերիք է առայժմ։ Թերթի մասին էլ ունեմ ասելիք, քո հոդվածների մասին էլ, մարդկանց մասին էլ, իմ մասին էլ, բայց դե հո չեմ կարող մի անգամից, մի շնչով անել այդ ամենը։ Թողնենք ապագային։ Իհարկե շատ բաղձալի կլիներ տեսնվել, և այն ժամանակ հարցերն էլ շատ հեշտ ու շուտ կպարզվեին և մի լա՜վ կզրուցեինք և գինիով անուշ, ավելի անուշ կդարձնեինք մեր միջգիշերային, մինչառավոտյան զրույցը, բայց մեզ երևի շուտ չի տրվելու արքայությունը... Ամառս երևի (հաստատապես) կմնամ Մոսկվա։ Սուսաննան Ստավրոպոլ կերթա։ Պողոսն էլ այստեղ կլինի…

Ողջ լեր, ամենաջերմ բարևներս Վարյային ու բալիկիդ։

Քո Վահան

P. Տ. Այսօր Պողոսը գտավ իր սևագիրը (որ գրեթե սպիտակ է) և ցույց տվեց ձեր հանած կտորները—անպայման կռտել եք հոդվածը. ինձ համար ոչ մի կասկած չմնաց։ Ըստ երևույթին դու թյուրիմացության մեջ ես—շատ էական բաներ են հանված նրա գրությունից՝ դա փաստ է: Բայց նրա զայրույթն էլ անցել է արդեն։ Ինչևիցե։ Սա ի միջի այլոց։

Սուրխաթովի վրա գրած հոդվածիդ շարունակությունը չստացանք — էլի թերթը դադարել է։ Սուսաննան ողջունում է ձեզ բոլորիդ։ Առայժմ ինձ ցրիր հին հասցեիս — տեղափոխվելու եմ, կգրեմ։

Ցը,
ողջույններով
Վահան