Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրան թույլ է զգում, տաքություն է տալիս, բայց բժշկվում է, խմում է քեֆիր և ինչ-որ դեղ, որը հիվանդության առաջը պիտի առնե, արդեն այժմ գիրացել է և, իհարկե, կանցնի այդ հիվանդությունը, թոքախտ չի դառնա — ես համոզված եմ հաստատ։ Մեր Պողոսի հետ միասին էինք ապրում, թողի եկա, և խեղճը մնաց մենակ. ասենք նրան մի քիչ մխիթարություն կար — այնտեղ մնաց մի սիրուն աղջիկ, որը մեր բնակարանում էր ապրում և բարյացակամ էր թե դեպի ինձ, թե դեպի Պոլը։ Հիմա Պոլը գրում է, որ «ամենայն ինչ կատարյալ է»։ Մի նորություն հաղորդեմ քեզ, միայն թե գաղտնիք ամենախիստ — մեր Պավղը նշանվեց և գիտե՞ս ում հետ — Զվիգո՛ւլը, հիշում ես —Լիդա Զվիգուլը — ահա դրա հետ, որ այժմ Փարիզում բժշկություն է սովորում և եկել էր ամառս։ Ես դրա հետ վաղուց ի վեր. խռով եմ, բայց գոհ եմ Պավղի ընտրությամբ — լավ աղջիկ է՝ և խելոք, և սիրուն, և կրթված, գուցե ապագայում մի քիչ էլ փող ստանա հորից, որը, սակայն, այժմ դեմ է նրա՝ Պողոսին գնալուն։ Դա, գիտես, այն աղջիկն է, որին մենք տեսնում էինք, երբ գնում էինք Պողոսի մոտ, երբ նա Введенский переулок-ում էր ապրում դեռ ճեմարանում եղած ժամանակ։ Այն ժամանակ դա գիմնազուհի էր։

Չլինի թե մարդու ասես, ոչ ոք չգիտի, բացի ինձնից, ես էլ չկարողացա քեզ չգրել, թող այն աշխարհում ինձ եփելիս սատանաները մի անգամ ավելի եռ տան — черт с ними.

Ամենից տրագիկականը ինձ համար այն է, որ չեմ կարող պարապել, թեև չգիտեմ դեռ աշնանը պիտի լինի՞ սեսիա, թե՞ ոչ։

Ձեր կողմերից ոչ մի լուր չունեմ—ի՞նչ կա, ի՞նչ չկա։ Այժմ առավել ևս, որովհետև «Բաքվի Ձայն-»ն էլ չեմ ստանում—Մոսկվա է գնում՝ Պավղոսն է կարդում։ Իսկ մի ամսվա համար լրագրներ բերել տալ—հավաս չկա։ Քո վերջին հոդվածը ի պաշտպանություն Թումանովի հրճվանքով կարդացի և առհասարակ էլ շատ վարժվել ես գրելում, լեզուդ շատ ազատ է ու լավ, պարզ և միևնույն ժամանակ ոչ վուլգար ու մերկ։ Մի խոսքով ես գոհ եմ, մարդավարի ժուռնալիստ ես [մեր տնաբույսների թայը չես]։ Բայց լավ չես արել, որ գովել ես Սեյրուն [առայժմ նա ոչինչ չարժե։ Առհասարակ քեզ խորհուրդ եմ տալիս, եթե ինձ թույլ է տրված քեզ խորհուրդ տալ, այնքան էլ չշտապել «երիտասարդությանը» «խրախուսելու»— ավելի լավ է, այդ թող «Հորիզոն-»ին... առհասարակ «երիտասարդության»