Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին ես առանձնապես լավ կարծիք չունեմ, շատ են հիմար և անկիրթ։ Իհարկե, մենք էլ մի զարմանալի կրթվածը չենք, բայց նրանք... Աստվա՜ծ փրկի]:

Դեմիրճյանի գիրքը մինչև այժմ ձեռքս չի ընկել–ծուլանում եմ, որ գրեմ բերել տամ։ Ի՞նչ բան է տեսնենք։ Նա անտարակույս տաղանդավոր է, բայց առանձին սպասելիքներ չունեմ։ Առհասարակ մեր գրողները իրանց կրթությամբ ու ճաշակով ամենասովորական ինտելիգենտից ցած են կանգնած և դրա համար է, որ նրանց չի կարդում (իհարկե մասամբ դրանից է) բժիշկը, իրավաբանը, առհասարակ սովորական «խղճուկ» ինտելիգենտը և կարդում է միայն թշվառական սեմինարիստը, որը միևնույն ժամանակ շատ է տգետ ու անճաշակ Թումանյանին, Իսահակյանին ըստ արժանվույն գնահատելու։ Առհասարակ «սեմինարիզմը» ես մեր կյանքի ամենախոշոր ցավերից մեկն եմ համարում: Բայց, իհարկե, մեր «համալսարանավատ» ինտելիգենտների մեծ մասը նույնպես սեմինարիստ է ոգով ու մտքով։

Սակայն թողնենք այդ, դա երկար խոսակցություն է։ Ինչպե՞ս են քո գործերը։ Վարյան գալո՞ւ է Մոսկվա—իսկ բալի՞կը, կբերե՞, թե կթողնե այդտեղ։ Ամառս մի անգամ հանդիպեցի նրա տանտիկնոջը, որը շատ բարև արավ։

Սուսաննան, իհարկե, ձեզ շատ ու շատ բարև է անում։ Ողջունիր իմ կողմից և ձերոնց բոլորին։ Գրիր ի՞նչ կա, ի՞նչ չկա, ինչպե՞ս են քեֆդ ու գործերդ։ Ողջ լեր։

Քո Վահան

Նամակս վերջացրի, որովհետև հոգնեցի, իսկ հետաձգել չուզեցի շարունակությունը, որովհետև կմնար, չէի ուղարկի։ Այս ձմեռ Սուսաննան երևի կմնա Ստավրոպոլ, իսկ ես մենակ կերթամ Պետերբուրգ, եթե միայն, իհարկե, գործը հաջող գնա: Տեսնենք դրանից ինչ է դուրս գալու։

Հասցես՝ Ставрополь, губернский,

3-я Александровская ул., д. № 54

(л. Пахаловой),

Ինձ

Այստեղից կգնամ օգոստոսի կեսին։