56. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Սիրելի Անտենկա
Ձեր սեկրետկան ստացել եմ։ Պատասխանում եմ միայն հիմա, որովհետև հիվանդ էի և պառկած։ Այսօր ինձ ավելի լավ եմ զգում։ Վատ էր բանս։ Ջերմությունս հասավ մինչև 40 աստիճանի։ Բայց հիմա, կարծես, ամեն ինչ անցավ, թեև դեռ այնքան էլ լավ չեմ զգում։ Սուսաննայի թոքերի կատարները ախտահարված են, ամենօրյա ջերմություն, թուլություն ունի։ Կարծում եմ, սակայն, որ դա էլ բարեհաջող կանցնի։ Համարյա ամբողջ օրը վեր եմ ընկած և ոչինչ չեմ կարողանում անել, իսկ պարապել հարկավոր է։ Չգիտեմ ինչ դուրս կգա այդ ամենից։ Աշնանը կլինեմ Մոսկվայում, իսկ հետո հավանաբար կգնամ Պիտեր: Սուսաննան նորերս Դոդյայից նամակ ստացավ։ Նա գրում է, որ շուտով կգնա ձեզ համար բնակարան որոնելու: Ե՞րբ եք մտադիր գնալ սպիտակաքար։ Իհարկե, կտեսնվենք։ Ինչպե՞ս եք զգում ձեզ։ Ի՞նչ եք անում։ Ինչպե՞ս են ձերոնք։ Մարթան ինչպե՞ս է, չա՞ր է, թե բարի։ Շատ ափսոս, որ ինձ չհաջողվեց ձեզ մոտ գալ։ Դե ոչինչ, արդեն շուտով կտեսնվենք Մոսկվայում։ Օգոստոսի կեսին մտադիր եմ գնալ Մոսկվա։ Տրամադրությունս լավ չէ։ Շատ եմ ուզում ինչ-որ բան։ Չգիտեմ, թե ինչ։ Գրեցեք, Անտենկա, եթե ժամանակ և տրամադրություն կունենաք, ես շատ ուրախ կլինեմ։ Շատ բան էի ուզում գրել, երբ նամակս սկսեցի, բայց հիմա մի տեսակ չի գրվում, իսկ հետաձգել չեմ ուզում, որովհետև աստված գիտե, թե ինչ կարող է պատահել։ Առայժմ բավարարվեցեք այս խաբրիկով, հետո, երբ կարողանամ, կգրեմ։ Սուսաննան բարևում է ձեզ և ձերոնց բոլորին։ Առայժմ։ Ամենայն բարիք։ Ողջ լերուք, մի մոռացեք ինձ, մեղապարտիս։