ամուսնու վիշտը՝ մինչև առավոտը բացվեց և սկսվեց կյանքի առօրյան։
Այդ խոսակցությունից ճիշտ երկու շաբաթ հետո՝ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը հոգեկան բարձր վիճակով, սկսեց դասախոսությունները Նապոլեոն Բոնապարտի մասին՝ շատ հեշտությամբ ապացուցելով նրա խոշոր պատմական ավանտյուրիստ լինելը։
Նրանք, որոնք տեղյակ էին նրա՝ Նապոլեոնի մասին ունեցած պաշտամունքին, լսելով նրա դասախոսությունները, եկան այն համոզմունքին, որ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի մեջ կատարվել է հիմնական բեկում, որ նա անդառնալիորեն և հաստատ ոտներով կանգնած է մարքսիստական պատմական մատերիալիզմի հողի վրա։
Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի անունը սկսեց հոլովվել ամեն տեղ, խորհրդային մամուլը տպագրեց նրա կարծիքը հեղափոխության և խորհրդային պետականության մասին։
«Պատմական անցքերի և անձնավորությունների, դեպքերի և դեմքերի, մարդկանց և իրերի (այսպիսի կրկնողական ոճ ուներ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը) ճշգրիտ վերլուծությունը և լուսաբանությունը հնարավոր է միայն մարքսիստական դիալեկտիկայի մեթոդով»,— հայտարարեց նա։
Երբ Ելենա Բեգլարովնան խորհրդային մամուլում կարդաց ամուսնու այս հայտարարությունը, քթի տակ քնքշորեն սևին տվող բեղի վրա մի քմծիծաղ ծաղկեցրեց։ Իսկ երեկոյան երբեք էլ չանդրադարձավ այդ հարցին, նրբամտություն ունենալով չամաչեցնելու նրան, բայց պրոֆեսորն ինքը անդրադարձավ այդ հայտարարությանը և հարցրեց․
— Ելենա, կարդացի՞ր հերթական իմ կեղծիքը։
— Կեղծի՞ք։
— Այո։
— Երևակայիր, ես կարծեցի, որ անկեղծ ես ասել։
— Ինչո՞ւ այդպես երևակայեցիր։
— Տոնը շատ անկեղծ էր։
— Ա՛խ, Լենա…
— Ես կարծում եմ, որ դու ինքդ սխալ ես գնահատում քեզ, ավելի ճիշտ՝ սխալ ես վերլուծում քեզ։ Համառություն