Jump to content

Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կարճ ասա։

— Ես այժմ ստիպված եմ ասել, ոչ ավելի, ոչ պակաս՝ ասել պարզապես, որ Նապոլեոն Բոնապարտը մի ավանտյուրիստ էր, փառամոլ և ունայնամիտ․․․

Պրոֆ. Մելիք֊-Անդրեասյանը դժգունեց, այլևս չկարողացավ շարունակել, ինչ-որ ծանր մի ճնշում զգաց կոկորդում։ Ելենա Բեգլարովնան մի բաժակ ջուր հասցրեց նրան, հանգստացրեց՝ գլուխը շոյելով և համբուրելով նրան, բայց չկարողացավ իրեն զսպել և ասաց․

— Չի՞ լինի, որ Նապոլեոնի մասին չխոսես։

Այս անգամ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը ծիծաղեց․

— Անցնել Արևմտյան Եվրոպայի նորագույն պատմությունը և լռություն պահել Նապոլեոնի մասին․․․ հա՜, հա՜, հա՜․․․

Ելենա Բեգլարովնան պրոֆեսորի ծիծաղի վրա զայրացավ և նյարդային տոնով ասաց.

— Երբ եղբորդ համար գրում են ավանտյուրիստ, հակահեղափոխական, գող և այլն, հասկանում եմ, որ զայրանում ես, կարծես Նապոլեոնը հարազատ եղբայրդ է։

— Նապոլեոնն ավելի հարազատ է, քան Հարություն Աբրահամի Մելիք֊-Անդրեասյանը, Ելենա Բեգլարովնա,— հանդիսավոր և ծանր տոնով հայտարարեց պրոֆեսորը և ոտի կանգնեց։

— Ի՞նչ է, Նապոլեոնի համար հասարակական դի՞րքդ պիտի կորցնես։

— Դրան համաձայն եմ, հասարակական դիրքը չպետք է կորցնել։ Բայց ինչպե՞ս անեմ, որ հասարակական դիրքս պահեմ և ես էլ չկորչեմ։

— Դու ինչո՞ւ պիտի կորչես։

— Չեմ կարող, Լենոչկա, չեմ կարող Նապոլեոնին, առանց ամաչելու և առանց հոգեկան տագնապի, հայտարարել ավանտյուրիստ։

Այդ երեկո նա ապրեց հիվանդագին մի վիճակ, գիշերը գրեթե չքնեց՝ չկարողանալով ազատվել այդ մասին մտածելուց։ Ելենա Բեգլարովնան հավասարապես տառապեց ոչ թե Նապոլեոնի, այլ իր ամուսնու համար, նրա փաղաքշանքները, նրա տաք և անկեղծ գուրգուրանքները չկարողացան փարատել