սպասում էր օրագրի ընթերցման ավարտմանը՝ մի քանի հարցեր ուղղելու համար։ Երբ պահարանում գտնված գրքերը արագ նայվածքով աչքի անցկացրեց, տեսավ, որ շատ նոր գրքեր էին ավելացել իր հին գրքերի վրա՝ Մարքս, Էնգելս, Լենին և այլն։ Ինքն էլ չիմացավ, թե ինչու վերցրեց Էնգելսի «Անտի-Դյուրինգը», մոտեցավ իր գրասեղանին և սկսեց կարդալ։ Նա սկսեց կարդալ միայն այն կետերը, որոնց դեմ որոշ նշաններ էր արել.
— Ելենա, ճիշտ է,— բղավեց հանկարծ պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը և ոտի կանգնեց։
— Ո՞վ է ճիշտ, ի՞նչն է ճիշտ,— հարցրեց Ելենա Բեգլարովնան։
— Էնգելսը։
— Մա՞րքս-Էնգելսը։
— Ա՜խ, Լենա, ես քեզ մի անգամ ասել եմ, որ Մարքսը տարբեր մարդ է, իսկ Էնգելսը՝ տարբեր։
— Ապա ինչու՞ միշտ միասին են գրում, չեմ հասկանում,— սրտնեղեց Ելենա Բեգլարովնան։
Տիրեց լռություն։
Պրոֆեսորն սկսեց ջղային երթևեկել սենյակում, իսկ Ելենա Բեգլարովնան ուշի-ուշով հետևում էր ամուսնու շարժումներին, որոնք ոչ մի օրվա նման չէին։ Նա նկատել էր, որ վերջերս ամուսինն առհասարակ շեղվում է իր սովորական կենցաղից։ Չէր պատահել, օրինակի համար, որ պրոֆեսորը մի անգամ անկողին գնալուց հետո՝ զարթներ, վառեր լույսը, մոտենար պահարանին, մի որևէ գիրք վերցներ և կանգնած տեղում մի քանի էջ կարդար ու նորից վերադառնար անկողին և նորից քներ։ Եվ պատահում էր, որ այլևս չէր էլ քնում, մնում էր արթուն՝ մինչև սենյակի լուսամուտի ապակիները ներկվեին կապույտ լույսով։ Պատահեց նաև, այն էլ երկու անգամ, որ նա զարթնեց, իր համար թեյ պատրաստեց, խմեց, ապա հագնվեց ու դուրս եկավ տնից և վերադարձավ միայն առավոտյան։
— Կարծես ճիշտ է,— շշնջում էր նա ինքնիրեն։