Jump to content

Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ելենա Բեգլարովնան համարձակվեց.

— Լավ է, որ ճիշտ է, ի՞նչ կա, ճիշտ լինելուց ի՞նչ վնաս:

— Ինչ վնա՜ս,— հեգնեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը,— եթե ճիշտ է, ես ամբողջովին կորած եմ:

Ելենա Բեգլարովնան զարմացավ:

— Մի զարմանար,— ասաց պրոֆեսորը՝ մոտենալով իր կնոջը և նայելով նրա աչքերի մեջ,— դու աստծու հավատո՞ւմ ես:

Ելենա Բեգլարովնան խաչակնքեց:

— Եթե մի օր հաստատեն, այնպես ապացուցեն, որ դու էլ, առանց տարակուսանքի, հավատաս, որ աստված չկա, ի՞նչ կանես:

— Այդպիսի բան ոչ ոք չի կարող հաստատել:

— Եթե հաստատեն:

— Չեմ հավատա:

— Եթե հավատաս:

— Կաշխատեմ չհավատալ:

— Նո՛ւ, շատ աշխատեցիր և չկարողացար դիմադրել և, հանկարծ, հավատացիր, անկեղծորեն հավատացիր, ի՞նչ կանես:

— Այդպես բան չի կարող լինել, Միքայել:

— Եթե, նու՛, եղավ,— զայրացած բղավեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը…

— Այն ժամանակ… չգիտեմ…

Ելենա Բեգլարովնան սկսեց լաց լինել:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը երկար լսեց կնոջ լացը: Նրա հեկեկանքն առաջանում էր իր հավատքի հավանական փլուզումից: Այդ հեկեկանքը խոր թախիծով և ջերմագին գորովանքով լցրեց պրոֆեսորի սիրտը: Այդ լացը ոչ ոք այնպես խորը չէր կարող ըմբռնել, ինչպես պրոֆեսորը: Նա տեսնում էր իր կնոջ ջինջ արցունքի մեջ հոգու աղջամղջային մռայլությունը: Նա տեսնում էր այդ հոգին կուչ եկած, կծկված, մենակ և անօգնական, ինչ-որ մարմարյա, հին, փառահեղ շենքի ավերակների մեջ նստած: Ահա և ինքը, իր կնոջ նման, ավելի սրտաճմլիկ և ավելի ողբալի ավերակների մեջ, միայն այն տարբերությամբ, որ կինը լաց էր լինում, զովացնում էր հոգու երաշտը, իսկ ինքը միայն ողբում էր և այրվում ամառնային