պայքար՝ փոխի՞ այդ նախագիծը, թե ոչ։ Վերջապես, չկարողացավ դիմադրել, հակառակ իր ներքին ցանկության, այն ճշմարտությանը, որը սողոսկել էր նրա մեջ, և ասաց.
— Չէ՞ որ պատմության տնտեսական, հասարակական և քաղաքական երևույթները սերտորեն, անքակտելիորեն կապված են իրար՝ հասարակականը և քաղաքականը նույնն են, ինչ որ տնտեսականը և ընդհակառակն։ Ճիշտ է, որ պետք է կազմել երեք խմբակ, յուրաքանչյուր կուրսի համար մի-մի խմբակ։ Ի՞նչ պետք է լինի սրանց տարբերությունը։ Պարզապես մեկը մյուսից մի քիչ ավելի լայնորեն և խորապես պիտի ուսումնասիրի, ուրիշ ոչինչ։
Եվ ուսանողների հետ միասին պրոֆ. Մելիք-Անդրեասյանը կազմեց մանրամասն ծրագիր՝ ըստ յուրաքանչյուր խմբակի ուսումնասիրության օբյեկտների։
Ուսանողները, կարծելով, որ վերջացավ իրենց խոսակցությունը, վեր կացան հրաժեշտ առնելու, երբ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը խնդրեց նրանց մի քանի րոպե ևս մնալ։ Նրա մեջ տեղի էր ունենում ավելի ուժեղ պայքար, քան երբևիցե։ Նորամույծ գաղափարների մի հոսանք, որ բացառապես բխում էր պատմության նոր մեթոդոլոգիայից, խուժում էր նրա իմացականության մեջ, տեղի էր ունենում մի ճակատամարտ պրոֆեսորի ուղեղում՝ հին հասկացողության և նորի միջև։ Նա ուզում էր առաջարկել կազմել, ի հավելումն արդեն քիչ առաջ կազմված խմբակների, մի նոր խմբակ, որ պետք է լիներ բացառապես նորություն, բայց դա նշանակում էր ամենաուժեղ զենքը տալ ուսանողների ձեռքն իր իսկ սիստեմի դեմ։
Վերջապես ասաց պրոֆեսորը.
— Ես աոաջարկում եմ կազմել մի խմբակ վերջին կուրսում, որն ուսումնասիրի պատմության ըմբռնման հին մեթոդները։
Ուսանողները, առաջին հերթին, կարծեցին, թե դա նպատակ է հետապնդում պատմության հին մեթոդների թարմացման, բայց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, զգալով տարակուսանքն ուսանողների դեմքերի վրա, ավելացրեց.
— Պատմության հին մեթոդների ուսումնասիրությունը պետք է նպատակ ունենա երևան բերելու այդ մեթոդների