խոցելի կողմերը, օրինակ՝ պետք է վերցնել պատմական մի կոնկրետ դեպք, պատմական մի երևույթ, որոշապես իմանալ, թե այդ երևույթը, երկար տարիների ընթացքում բուրժուազիայի խոշոր պատմագիրներն ինչպես են մեկնաբանել, և այդ մեկնաբանությանն անմիջապես հակադրել նորը և ցույց տալ այն բացարձակ առավելությունները, որոնք բովանդակվում են նորի մեջ, մի խոսքով՝ պատմության մատերիալիստական ըմբռնման մեթոդի մեջ։
Ուսանողների դեմքերի վրա անհետացավ տարակուսանքը, և պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ժպտաց գոհունակությամբ, մի երևույթ, որ չէր համապատասխանում նրա ներքին ցավագին զգացումներին։ Ուսանողները համաձայնեցին, և պրոֆ. Մելիք-Անդրեասյանը նշեց Արևմտյան Եվրոպայի այն կոնկրետ դեպքերը, որոնք պիտի հանդիսանային ուսումնասիրության օբյեկտներ։
Ուսանողների մեկնելուց հետո՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն սկսեց ապրել բարձրորեն ջղային մի վիճակ։
— Ահա կործանում եմ ինքս ինձ,— շշնջաց նա և լսեց իր շշնջոցը։
Սենյակում ոչ ոք չկար։ Ելենա Բեգլարովնան արդեն երկրորդ երազն էր տեսնում։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պատկերացրեց իրեն այն միամիտ փայտահատը, որ նստած ծառի ճյուղի ծայրին՝ կացնով կտրում է ճյուղն արմատից, առանց մտածելու, որ, եթե կտրի և վերջացնի, ինքը պիտի ընկնի գետին։ Պրոֆեսորը բարձր ծիծաղեց իր վրա՝ թունավոր հեգնությամբ։
— Վերջ պիտի տալ այս բոլորին,— ասաց նա մտքում և նստեց գրասեղանի մոտ, գլուխն աոավ երկու ձեոքերի մեջ և սկսեց մտածել։
Նա մտածում էր երկու բանի մասին՝ վերջ տալ այդ բոլորին նշանակում էր կորցնել պատմության ամբիոնը, պրոլետարիատի դիկտատուրան չէր ների ոչ ոքի, որ խեղաթյուրեր պատմական անցքերը, ծռեր և ծամածռեր այն հստակ, պայծառ տեսությունը, որ կոչվում էր պատմության մատերիալիստական ըմբռնում։ Այս դեռ ոչինչ։ Այն երկրորդ կետը, որ նրան հասցնում էր ջղայնության գագաթնակետին, և ինքն իրեն չէր ուզում ներել, դա պատմության մատերիալիստական