Jump to content

Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեկուզ ոչ ոք չլիներ, կնստեր մի անկյուն, թախիծով և խաղաղությամբ կխոկար լուռ, սրբերից և աստվածներից լքված տաճարում, որտեղ մի ժամանակ, ըստ պրոֆ. Մելիք-Անդրեասյանի, երգվել էին ամենահոգեցունց մեղեդիները, որտեղ հրեշտակներ էին երգել, սպիտակ թևերով, կլոր, գիրուկ և քնքուշ փորերով, որոնց մեջտեղում փայլում էին պորտերը, որպես մարելու մոտ աստղեր երկնքում ճիշտ լուսաբացից քիչ առաջ, որտեղ ինքը` աստված, ահեղ և ահավոր, իջել է շատ անգամներ՝ ունկնդրելու իր երկրպագուների ստրկամիտ աղերսը, իջել է մարդկանցից անտեսանելի։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չհամարձակվեց խաչակնքել երեսը, բայց նրա հոգին խոնարհվեց մինչև եկեղեցու շեմքը:

Մի քիչ քայլելուց հետո՝ մեքենայորեն նայեց ժամացույցին և տեսավ, որ արդեն ժամը 6-ին քառորդ պակաս է, իսկ նրա դասախոսությունն սկսվում էր ճիշտ ժամը 6-ին: Շտապեց դեպի ուսումնական հիմնարկը, բարձրացավ ամբիոն և սկսեց իր դասախոսությունը։

— Անցյալ դասախոսությամբ,— սկսեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը,— մենք հաստատեցինք, թե ինչպես մարդկության ողջ գործունեության, մի խոսքով` ամբողջ պատմության հիմքում դեր են խաղում միայն նյութական կարիքները։ Այսօրվա դասախոսությունը նպատակ պիտի ունենա այս տեսությամբ, այսինքն՝ պատմության մատերիալիստական ըմբռնման տեսությամբ, քննել Արևմտյան Եվրոպայի խոշորագույն մի երկրի՝ Անգլիայի պատմությունը…

Զ

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը և Ելենա Բեգլարովնան հետևյալ խոսակցությունն ունեցան մեռոնեփեքի առթիվ: Պրոֆեսորն ուզում էր գնալ Էջմիածին և ներկա լինել արարողության, բայց Ելենա Բեգլարովնան կատեգորիկ կերպով դեմ գնաց նրա այդ ցանկության:

— Այնինչ, ես ուրիշ կերպ էի մտածում,— ասաց Ելենա Բեգլարովնան։

— Ի՞նչ կերպ,— հարցրեց պրոֆեսորը։

— Ես գնամ, իսկ դու մնա։