նա փոքրիկ, կարծես անբնական, բլրակների կողքով և զգաց, որ այդ բլրակների տակ թաղված էին հին քաղաքներ, սրբազան կուլտուրայի մնացորդների մի ողջ պատմություն։ Երբ հանդիպեց նա առաջին խաչքարերին և նորից տեսավ ընկած և կոտրված քարերի վրա քանդակված խաղողի չքնաղ ողկույզները, դառնորեն ծիծաղեց. «Ինչպե՞ս կարելի է,— մտածեց պրոֆեսորը,— արվեստի այս բեկորների տակ գտնել տնտեսական ինչ որ բազա, սրանց քանդակող անհայտ արվեստագետի հոգում ինչպե՞ս կարելի է բռնադատորեն դնել տնտեսական կարիքի ողորմելի հերոսին»։
Կառքը մտավ Հռիփսիմյանց վանքի ստվերը։ Առավոտյան զովը վետվետում էր ստվերում, կառքի ձիերը, որոնց սահուն մեջքերից և ջրվեժի նման հոսող բաշերից քրտինքի գոլորշի էր բարձրանում, վանքի ստվերի զովում վրնջացին արևային վճիտությամբ։
Ամբողջ Արարատյան դաշտում արեգակը շարժվում էր կոհակ առ կոհակ, բարձր, սեգ, երկնասլաց կաղամախիները ծփում էին արեգակի հորդ կոհակներում, և վանքերի գմբեթները արևի միջից սլանամ էին դեպի երկինք:
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը հասավ վանքի բակը և ուղղակի դիմեց գրադարան, որտեղ ընդունեց նրան գրադարանի վարիչը, ճաղատ գլխով, ժպտերես, հոգնած աչքերով և հանդարտաբարո մի մարդ, որը, նախքան պրոֆեսորի ներս մտնելը, կռացել էր միջնադարյան մի երգչի ձեռագրի վրա և ճգնում էր կարդալ։
Գրադարանի վարիչը զարմացավ՝ տեսնելով պրոֆ. Մելիք-Անդրեասյանին իր գրադարանում, որովհետև հաստատ համոզված էր, որ նրան, բացի Արևմտյան Եվրոպայի պատմությունից, ոչինչ չէր շահագրգռում։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ճանաչված էր որպես չափազանց նեղ մասնագետ։
Սովորական ողջույնից հետո՝ պրոֆեսորը խնդրեց վարիչից գերմանացի ճանապարհորդի մի գիրքը և ստանալով այդ գիրքը, քաշվեց ու սկսեց կարդալ։
Նրա ընթերցումը երկար չտևեց, թերթեց մի քանի գլուխ, կարդաց մի քանի էջ, իբր թե նոթեր վերցրեց և վերադարձրեց գիրքը։