Jump to content

Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջ ի վերջո կտարրալուծվի, կհոսի, կգնա, բայց ահա քանի օր է՝ մաքրում են, վերջ չկա,— ասաց գրադարանի վարիչը։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չուզեց խոսակցությունը շարունակել, որովհետև զգաց, որ Էջմիածնի գրադարանում, հին և սրբազնագույն ձեռագրերի մթնոլորտում ապրում է մի մարդ, որ հոգու մինչև հատակը զզվել է այդ շրջապատից և եթե հնարավոր լինի, կկտրի, կպոկի այդ գրադարանը հողից, կթռցնի մի տեղ և նորից կկռանա գրքերի վրա` հաճույք զգալով տքնաջան, քրտնաթոր և մաշեցնող աշխատանքից։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, դուրս գալով գրադարանից, մի պտույտ գործեց մայր եկեղեցու շուրջը` աչքի պոչով նայելով կաթողիկոսանիստ շենքին ամեն անգամ, երբ գալիս հասնում էր եկեղեցու գլխավոր դռանը։ Նրան դիտողը երբեք չէր կարող կարծել, որ նա Էջմիածին էր եկել հատկապես մտնելու կաթողիկոսի մոտ։ Պրոֆեսորը զննողաբար նայեց չորս կողմը, անձկությամբ սպասեց, որ վանքի բակը ոչ ոք չմտնի, որպեսզի սողոսկի դեպի վեհարանը, բայց կային ցանցառ անցուդարձեր և զարմանալիորեն դանդաղ: Հուսահատվելով, որ երթևեկությունը կդադարի, նա մտավ, պարզապես սողոսկեց դեպի այսպես կոչված վեհարանը:

Ը

Կաթողիկոսը պրոֆ. Մելիք Անդրեասյանին չէր սպասում, որովհետև մինչև անգամ չեկան այն մարդիկ, որոնց սպասում էր, էլ ուր կմնար Մելիք-Անդրեասյանը, որն ամենաշուտ բեկվողներից մեկի համբավն էր վայելում։

— Ձերդ սրբություն, ներողություն եմ խնդրում,— ասաց պրոֆեսորը կաթողիկոսի ձեռքը համբուրելուց հետո, որ մեծ տոնի օրը չկարողացա ներկայանալ։

— Քրիստոսի հոտի մեջ բազում են մոլորյալք, պրոֆեսոր,— պատասխանեց կաթողիկոսը ցավագին շեշտով։

— Ձերդ սրբությունը, իհարկե, մտնում է մեր դրության մեջ,— շարունակեց պրոֆեսորը` մի աթոռի վրա տեղավորվելով:

— Իսկ դուք մտնու՞մ եք իմ դրության մեջ,— հարցրեց կաթողիկոսը: