— Ձերդ սրբություն, ես կցանկանայի իմանալ ձեր կարծիքը մեր էպոխայի մասին:
— Էպո՞խայի… ողջ աշխարհը գժվելու է, զավակս, այս գաղափարը… ի՞նչ են ասում դրան, հըմ, այս…
— Սոցիալիզմը։
— Այո, սոցիալիզմը, դա որ դուրս եկավ, ողջ աշխարհը տակնուվրա է անելու:
— Իսկ ի՞նչ է Ձերդ սրբության կարծիքն այդ մասին,— հարցրեց պրոֆեսորը։
— Քրիստոնեական եկեղեցու պետին այդ հարցը, ես կարծում եմ, ավելորդ է, պարզ է՝ բացի քրիստոնեական հավատքից չի կարող ուրիշ ոչ մի հավատք գոյություն ունենալ մեզ համար։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պատրաստվեց մի հարց ևս տալ, բայց քրիստոնեական եկեղեցու պետը նորից զանգ տվեց: Ծառան մտավ ներս։
— Բարնաբաս,— ասաց կաթողիկոսը,— բանալիները չբերիր։
— Այս րոպեիս, վեհափառ,— պատասխանեց Բարնաբասը և փութկոտ վազեց դուրս։
— Մի քիչ անուշադրություն և պրծավ… ոչինչ չի մնա պահարանում,— ջղային ավելացրեց քրիստոնեական դարավոր եկեղեցու պետը։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը որոշեց, այլևս ոչ մի հարց չտալ։ Երբ Բարնաբասը վերադարձրեց բանալիները, կաթողիկոսը դրեց գրպանը և գոհունակությամբ շշնջաց.
— Այսպես:
Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը, օգտվելով Բարնաբասի ներս մտնելուց, թեյը թողեց կիսատ, ոտի կանգնեց և մոտենալով կաթողիկոսին։
— Ձերդ սրբություն,— ասաց նա,— թույլ տվեք հեռանալ։
Կաթողիկոսը երկարեց ձեռքը` պատրաստ անելով համբուրելու, բայց պրոֆեսորը սեղմեց այն և հեռացավ։
Վանքի բակում` մի ծառի թանձր և հաճելի ստվերի տակ կանգնած, պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանն ամաչեց ինքն իրենից: «Ահա հնի սիմվոլը, ահա այն անձնավորությունը,