որի մեջ պետք է բարձրացած լինեին հին հավատքի մարմարյա սյուները, բայց լիմոն, պահարան, բանալիներ և կլիզմա…»— շշնջաց։
Նա հեռացավ ծառի ստվերից, մի քիչ առաջացավ և կանգնեց Լուսավորչի եկեղեցու ստվերի տակ։ Արդեն սկսվել էր միջօրեի խեղդիչ տապը։
Աղեխարշ, ողբագին մի լռություն էր չոքել ամբողջ վայրում, շրջապատը նման էր վիթխարի մի դամբարանի, որի մեջ նայում է արևը՝ նախքան հողը թափվելը:
Տապ։ Ամառային միջօրե։ Արևը, հնոցի նման, կրակ էր մաղում:
Պրոֆեսորի սիրտն սկսեց տոչորվել արարատյան լայնաբաց և հակինթյա հրդեհում։
Մի շուն, մազերը տեղ-տեղ թափած, պառկել էր մի ծառի շվաքի տակ, լեզուն դուրս ձգած: Հավերը կախ էին գցել թևերը։ Բակում կային մարդիկ, բայց չէին խոսում։ Նստարանների վրա նստած մարդիկ մինչև անգամ իրար երես չէին նայում, լուռ էին։ Լուռ էին նրանք մեռելների նման։
Պրոֆ.Մելիք-Անդրեասյանը մտավ եկեղեցի։
Հինավուրց գանձարանը բաց էր։ Պրոֆեսորն առաջացավ դեպի գանձարանը։ Մարդկային հոգու փրկությանը նվիրված այս եկեղեցուն կից կառուցված գանձարանը լեցուն էր գույնզգույն, վառվռուն մետաքսներով, արծաթով, ոսկով և ադամանդներով։
Ահա մի ոսկյա թև, բթամատն ու մատնեմատը իրար կպցրած: Լուսավորչի աջն է՝ պարուրված ոսկով։ Մի պառավ կին կռացած` մաշած և դեղնած, մոտենում է, համբուրում ոսկին և խաչակնքում։ Պրոֆեսորի աչքին խփում է Լուսավորչի աջի կողքին դրված մոմապատ, կեղտոտ գանձանակը։ Պառավը հեռանում է առանց փողի մի փոքրիկ բեկորով հրճվեցնելու գանձանակի փորը:
— Լուսավորչի աջն է,— ասում է պրոֆեսորին մի վարդապետ, որ հսկում է հավատացյալներին՝ գողություն չանեն։
Վարդապետը խոսքն ուղղում է հատկապես պրոֆեսորին, որովհետև նրա դեմքի վրա նշմարում է թեթև հեգնական ժպիտ։
— Գիտեմ,— պատասխանում է պրոֆեսորը։