Jump to content

Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձր, նեղ, դիմահար պատուհանները, մեզ հարկավոր են կառուցումներ, որոնց մեջ արեգակը հեղեղի, ծեփի բոլոր պատերը ոսկով ու արծաթով։ Մեզ հարկավոր չեն ադամանդակուռ վարագույրները, մեզ հարկավոր չեն սրմահյուս շուրջառներ, ոսկեպատ խաչվառներ և ակնեղեններով հագեցած հայրապետական գավազաններ, մեզ հարկավոր են պարզ, կարմիր դրոշներ, թող տան մեզ լուսածոր ոճ, առանց մթին խորշերի, խորհրդավոր անկյունների, առանց ներքնագավիթների և դամբարանային սրահների, մեր քանդակները թող լինեն առանց մանվածապատ գծերի, առանց իրար մեջ անցած խրթին կորությունների, թող լինի այնքան պարզ և այնքան շողշողուն, ինչպես արարատյան խաղողը»։

Գիշերն իջնում է խաղաղությամբ, կարծես, մեռելները վեր են բարձրանում և հսկում գիշերը, ոչ մի շարժում, ոչ մի ոտնաձայն, լռել է բնության ձայնը: Եվ հեռավոր դաշտերում հասունանում է ժողովրդական հացը, լուսնի շողերի տակ ծփում է ցորենը։

Լուսնի շողերից ձգվել են մատուռների երկար ստվերները սև քղամիդների նման։ Այդ ստվերների միջից հանկարծ դուրս է գալիս մի վանական, լուսնի շողերի տակ նա նման է թաթերը վեր բարձրացրած սև արջի, որ անճոռնի քայլերով առաջանում է:

Ահավոր մի դամբարան է այդ վայրը:

Թ

Վանքի բակում, սև քարերից կառուցված երկհարկանի վարդապետական խուցերում այժմ ապրում են աշխարհականներ: Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը թխկթխկացնում է մի լուսամուտ, որ ներկված է կերոսինի լամպի դեղին լույսով։

Բացվում է դուռը:

— Համեցե՜ք,— սիրալիր ձայնում է մի բարձրահասակ, երկար մազերով, քառասունը նոր թևակոխած կին:

— Ճարտարապետը տա՞նն է:

— Այո՜, այո՜, տանն է, համեցե՜ք։

Պրոֆեսորը ներս է մտնում։ Սենյակի դռան վրա արդեն ճարտարապետը դիմավորում է նրան։ Միջանցքում կիսամութ