Jump to content

Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են գետնին, ոչ մի մելոդիա, ոչ մի հրեշտակի անտեսանելի թև։

Պրոֆեսորը քայլերն ուղղում է դեպի լիճը:

Ջուր չկա, հատակում մի քանի ոտնաչափ տիղմ է նստած, մեջը՝ հազար ու մի կեղտոտություններ՝ ձմերուկի կեղև, շորի գույնզգույն կտորներ, փտած խնձորներ և մի փոքրիկ նավակ՝ խրված տիղմում:

Պրոֆեսորը վաղուց է չի եղել այդ վայրում, ինչ-որ չի համապատասխանում այդ վայրը իր նախկին տպավորություններին:

Ի՞նչ է պատահել:

Այո, հիշում է հիմա:

Առաջ մի մթին անտառ էր տարածվում դաշտում՝ լճի ձորակից սկսած, անտառից ոչ մի հետք չի մնացել, ոչ մի ծառի ոչ մի արմատ չի երևում, հիմնահատակ կործանվել է ամեն ինչ, մի աներևույթ, հզոր և դաժան ձեոք արմատախիլ է արել ամեն մի շնչող ծառ, կամ մի անագորույն հրդեհ լափլիզել է բովանդակ անտառը:

Երեկոյան ղողանջում է դարավոր եկեղեցու զանգը։ Այդ զանգը, մի ժամանակ, հավատացյալների բուռն բազմություն էր հավաքում եկեղեցում։ Այժմ ղողանջին պատասխանում է մեկ հատիկ պառավ կին, աչքերը ճպռոտած, ականջները ծանր, դողդոջուն: Պառավը հպարտ է, որ երեկոյան ժամերգությունն սկսվում է իր համար և իր համար էլ վերջանում է: Ուրեմն, աստծու ականջը բոլորովին ազատ է լսելու միայն իր ձայնը, և պառավը, կատաղած եռանդով, կանչում է աստծուն՝ փրկել իր մեկ հատիկ անհավատ որդուն, որ բոլշևիկ է և կռվում է եկեղեցու դեմ։

Գիշերը լուսին կա, լիալուսին, որ սպիտակ և կլոր հացի նման բացվել է կապույտ երկնքում։ Եկեղեցիների և մատուռների սիլուետները որոշապես գծագրվում են լուսնի շողերի տակ: Գիշերվա մեջ արարատյան հին ոճն ավելի ռելիեֆ է, ավելի ցայտուն, քան ցերեկը։

«Եվ կան մեզանում մարդիկ,— մտածում է պրոֆ. Մելիք-Անդրեասյանը,— հենց ես ինքս նրանցից եմ, որ փարված են հին այդ ոճին, շղթայված մոմապատ մատուռների մթնշաղում: Պետք է հանգիստ թողնել այդ որմերը, խաչքարերը,