այդ դասերից։ Ելենա,— ասում էր պրոֆեսորը,— ինձ դուր չի գալիս, որ չարությունն այսքան շատ և խոր թաղված է քաղաքական գործերի մեջ, վերջապես նա ֆիզիոլոգ է և ետ է մնում գիտական ասպարեզում։
— Ճիշտ ես ասում, բայց կտեսնես, որ նա մի օր կդառնա մինիստր, իսկ դու․․․
— Պատմության ամբիոնը ես չեմ փոխի մինիստրական պորտֆելի հետ,— միջամտում էր պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը:
Ելենա Բեգլարովնան լռում էր։
Խորհրդային իշխանություն ստեղծելուց հետո, սակայն, պրոֆ․ Մելիք-֊Անդրեասյանը նախկին պասսիվ մարդը չմնաց, սկսեց արձագանքել քաղաքական բոլոր երևույթներին։ Նախկին իշխանության օրով, երբ նրան մինչև անգամ չէր շահագրգռում հանրապետության վարչապետի ով լինելը, սկսեց հետաքրքրվել ամեն մի պաշտոնյայի նշանակմամբ։
Հեղաշրջումից դեռևս մի քանի օր հետո, երբ երեկոյան տուն եկավ և լրագիրը կարդաց, անտարբերությամբ անցավ մի լուրի վրայից, բայց Ելենա Բեգլարովնան նրան զարթեցրեց։
— Կարդում ես և անցնում, Միքայել։
— Ի՞նչ կա։
— Քիչ առաջ կարդացիր, որ քաղաքային խորհրդի նախագահ է նշանակվել Ռուբեն Մատթեոսյանը։
— Այո, կարդացի։
— Գիտե՞ս ով է Ռուբեն Մատթեոսյանը։
— Ոչ, չեմ ճանաչում, երևի՝ նոր մարդ է։
Ելենա Բեգլարովնան քմծիծաղ տվեց։
— Նո՜ր մարդ․․․ երևի, կարծում ես, Կիևի համալսարանից է։
Պրոֆեսորը զարմացած նայեց կնոջը։
— Մեզ Դիլիջան տանող-բերող շոֆերն է։
— Не может быть!
— Այո՜, նա է։
— Քաղաքային խորհրդի նախագա՜հ,— երկարացրեց պրոֆ. Մելիք֊-Անդրեասյանը։