Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



— Այն էլ մայրաքաղաքի,— ընդգծեց Ելենա Բեգլարովնան։

— Այս բոլորից փչում է կծված յուղի հոտ, Ելենա։

Պրոֆ․ Մելիք-֊Անդրեասյանին նախ և առաջ դուր չեկավ, որ սկսեցին իրեն ընկեր Մելիք-֊Անդրեասյան կանչել։

Նա մի անգամ մինչև իսկ զայրացավ և ասաց շատ քաղաքավարի և զգուշավորությամբ․

— Ես ինչո՞ւ ձեր ընկերն եմ․․․

Բայց սրան շուտ վարժվեց, այնքան արագությամբ ընդհանրացավ այդ և դարձավ հասարակ մի դարձվածք։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը եռանդուն կերպով սկսեց կարդալ լրագրերի միջազգային բաժինները, նոր որդեգրված մի սովորություն, որ տևեց մի ամբողջ տարի և հետո թողեց, ասելով, որ «ոչինչ չի հասկացվում, սրանց ասելով՝ ողջ աշխարհը գործադուլ է և հեղափոխություն»։

— Կարող է պատահել, որ այդպես է, քանի որ գրում են,— ասաց Ելենա Բեգլարովնան։

— Ի՞նչ ես կարծում, աշխարհը միանգամից հո չգժվե՞ց, գոյություն ունի պատմություն, և պատմությունն էլ ունի իր տրամաբանական, երկաթյա տրամաբանական ընթացքը,— հայտարարեց պրոֆեսորը։

— Ռուսաստանում ինչպե՞ս փոխվեց ամեն ինչ․․․

— Ռուսաստանը եղել է և միշտ էլ պիտի լինի պատմական տրամաբանությունից դուրս,— վճռական պատասխանեց պրոֆեսորը։

Ելենա Բեգլարովնան, որ իր ամուսնու կարծիքներն ու մտքերն ընդունում էր առանց քննադատության, այս վերջինը, թեև ոչ-բացահայտ, բայց մտքում, ընդունեց միայն ի գիտություն։

— Ինչո՞ւ Ռուսաստանը եղել է և միշտ էլ լինելու է պատմական տրամաբանությունից դուրս,— հարց տվեց Ելենա Բեգլարովնան մտքում և չկարողացավ որևէ եզրակացության հասնել։

Հենց հաջորդ առավոտյան Ելենա Բեգլարովնան խորհրդային մամուլում կարդաց մի հոդված, որ վերաբերում էր այդ հարցին․ «Հոկտեմբերյան հեղափոխության պատմական անհրաժեշտությունը»։ Երեկոյան Ելենա Բեգլարովնան ուզում