Jump to content

Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար, արդյոք կկարողանա՞ր հաղթահարել խղճի խայթը, Ելենա Բեգլարովնան չէ՞ր թքի իր վրա, չէ՞ր խայտառակվի ինքը ողջ պատմության մեջ։

Չկարողանալով ոչ մի եզրակացության հասնել, ուղիղ տուն չգնաց, քայլեց մի փողոցով դեպի քաղաքի կենտրոնը։ Մտավ մի խանութ՝ պապիրոս վերցնելու։ Չկար։

— Ինչո՞ւ չկա,— սրտնեղած հարցրեց նա։

— Եսի՞մ, չկա, ինտելիգենտ մարդ ես, հասկացիր,— կոպիտ պատասխանեց կոոպերատիվի ծառայողը։

Պրոֆեսորը դուրս եկավ՝ սաստիկ ջղայնացած։ Մտավ մի մասնավոր խանութ։ Պապիրոս կար, բայց երեք անգամ թանկացած, վերցրեց և մտքում հայհոյեց։

— Սա ի՞նչ բան էր, գոնե արտասահմանում ուզածդ կլինի։ Դասախոսիր չորս ժամ, հոգնիր, չարչարվիր, տարիների սովորածդ վերագնահատիր, փոխիր, զոռով հավատա և պապիրոս էլ չկա ծխելու, ջղերը հանգստացնելու,— ասաց նա մտքում և կրկնեց միևնույն բառերը մի քանի անգամ։

Մինչև տուն վերադարձը պրոֆեսորն արտասահմանից չվերադառնալու գրեթե վճռական որոշում տվեց, բայց վախենում էր պարզ կերպով այդ ասել մտքում։ Երբ նա հայտնեց կնոջը հիմնարկության որոշումը, կինը բացականչեց.

— Միասին։

— Ախորժակդ մի սրի, միայն ինձ են ուղարկում, բայց ես խնդրեցի քեզ ևս թույլ տան։

— Եթե միասին գնանք, էլ չենք վերադառնա,— պարզապես հայտարարեց Ելենա Բեգլարովնան։

— Ես զղջացի, որ քեզ հաղորդեցի այս որոշումը,— ասաց պրոֆեսորը։

— Ինչո՞ւ։

— Այդ միտքը կարող ես դուրսն էլ հայտնել, և ահա ոչ միայն քո գործը կփչանա, այլև իմը։

— Գի՞ժ եմ, որ դուրսն էլ ասեմ, ոչ ոք չկա այստեղ, երկուսս ենք։

— Վահրամին էլ ոչ մի խոսք այդ մասին, խելոք և լավ տղա է, բայց խորամանկ է։

Ելենա Բեգլարովնան չդադարեց խոսելուց.

— Ուղղակի բախտ է սա, անակնկալ բախտ։ Դու կարծում