Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես չե՞նք կարող լավ ապրել արտասահմանում, փառավո՛ր կապրենք, ես էլ կաշխատեմ, երկու հոգի ենք։

— Մտածում եմ Արուսյակի և Բաբկենի մասին։

— Արտասահմանից կօգնենք,— պատասխանեց Ելենա Բեգլարովնան մի տեսակ դժգոհ, որ արտասահման գնալու ուրախությունը պրոֆեսորի էմիգրանտ դարձած եղբոր կինը և որդին պղտորում էին։

— Չէ՛։ Արտասահմանից չենք կարող օգնել նրանց, տեսնո՞ւմ ես, Հարությունը չի կարող, մի մոռանա, որ եթե չվերադառնանք, մենք ևս կդառնանք էմիգրանտ, և վատ տեսակի էմիգրանտ. Հարությունն իբրև թշնամի փախավ, մենք մեկնում ենք իբրև բարեկամներ, և ահա դավաճաններ։

— Կատարյալ Արևմտյան Եվրոպայի պատմություն դարձրիր։ Կգնանք, ուրիշ ոչինչ։ Բաբկենը կոմսոմոլիստ է, ինքն էլ կապրի, մորն էլ կապրեցնի, ճիշտն ասած՝ դու շատ ես երես տալիս նրանց։

Պրոֆեսորը խեթ նայեց կնոջը, բայց կինը չազդվեց, արտասահման գնալու շատ մոտիկ պատկերը նրան հասցրել էր բուռն խայտանքի։

— Հավանական չէ, որ միասին մեկնենք,— ասաց պրոֆեսորը, տեսնելով Ելենա Բեգլարովնայի գլխապտույտն ուրախությունից։

— Իսկ դու մենակ կգնա՞ս,— հարցրեց կինը լրջացած և հրճվանքը կորցրած։

— Վեց ամսով, ինչո՞ւ չգնամ։

— Բայց…

— Վերջապես, հրաժարվելն էլ կարող է վարկաբեկիչ լինել։

— Ես չեմ ուզում, որ հրաժարվես, բայց մեր ամուսնության առաջին օրից մինչև հիմա մենք երբեք իրարից չենք բաժանվել,— շշնջաց Ելենա Բեգլարովնան, և պրոֆեսորը տեսավ նրա աչքերում արցունքի կաթիլներ։

— Ոչինչ, կպատահի,— ասաց պրոֆեսորը և գրկեց նրան։

Ելենա Բեգլարովնան ամուսնու միրուքն իր փափուկ երեսներին դիպչելուց անսահման հեշտանք զգաց։ Նրա հավանական մեկնումը և իր հավանական մնալը թախիծով և քնքշությամբ լցրեց քառասունը նոր թևակոխած կնոջը։