դարձավ բարձր սյունի բոլորտիքը, ձեռքը քսեց պատվանդանի սառը պղնձին, բայց դուրեկան ջերմություն զգաց այդ սառնությունից։ Հանկարծ նրա աչքերը լցվեցին արցունքով։ Եթե մարդիկ չլինեին չորս կողմը, Մելիք-Անդրեասյանը կփաթաթվեր պղնձին, կհեկեկար մանկան նման՝ քավելու համար իր դավաճանությունը Նապոլեոնի հանդեպ։
Աչքերն արցունքով լցված՝ նա մտավ Ռյու դը լա Պե, անցավ Ռյու դը Պտի Շան և իրեն գտավ Մատըլենի առաջ։ Փակ էր եկեղեցին, բայց նրա տարածուն շվաքը զով էր և հանգստացուցիչ։ Մատըլենի սյուներից կախված էին, այնպես թվաց պրոֆ. Մելիք-Անդրեասյանին, «Ավե Մարիա» երգի թևերը, հոգու անսահման խաղաղությամբ ունկնդրեց նա այդ երգը, որ երգում էին եկեղեցու լուռ ներքնակողմում փարիզեցի հրեշտակները։
Երեկոյան պրոֆ. Մելիք-Անդրեասյանն իր ավագ պարտականությունը համարեց այցելել իր բարերարին, նախկին նավթահորատեր Միրզա-Նուբարյանին, որի հասցեն նա սրբությամբ պահել էր իր մոտ տարիների ընթացքում։
Դեռևս ճանապարհին նրան անախորժ զգացումներ պաշարեցին։ Նախնական կրթությունից հետո, երբ տնտեսական կարիքը Մելիք-Անդրեասյանին քշում էր դեպի գավառական ետ ընկած միջավայր՝ ուսուցչությամբ զբաղվելու, մեծահարուստ և գոռոզ Միրզա-Նուբարյանն իրեն բռնել էր ուժեղ ձեռքերով, բարձրացրել վեր և ուղարկել մայրաքաղաք՝ բարձրագույն կրթություն ստանալու։ Այժմյան իր պրոֆեսորական դիրքը, հենց պրոլետարական իշխանության կողմից Փարիզ գործուղումը պարտական էր Միրզա-Նուբարյանի բարերարության, եթե ոչ Նոյեմբերյան հեղափոխությունն իրեն կգտներ մի հասարակ ուսուցիչ, և մի կյանք էր հարկավոր, որպեսզի կարողանար բարձրանալ այժմյան դիրքին։
Եվ ահա ինքը բարեկամ է այն իշխանության և դասակարգին,