— Պատմությունը,— հեգնեց նա,— կարծես քո հոր կենսագրությունն է, որ քեզ ջղայնացնում է, երբ աղավաղում են։
— Լսիր, Ելենա, ավելի կոնկրետ,— սկսեց պրոֆ․ Մելիք–Անդրեասյանը՝ չափազանց լուրջ և հոնքերը կիտած, խոր տհաճություն զգալով կնոջ հեգնությունից, բայց ճգնելով թաքցնել,— դու գիտես, վաղուց գիտես, դեռ մեր ծանոթության առաջին օրերից, որ ես իմ հոգու խորքում կրում էի մի սրբազան սեր։
— Նապոլեոնը,— ընդմիջեց Ելենա Բեգլարովնան։
— Գոհ եմ, չափազանց գոհ եմ, որ հիշեցիր, այո՛, սեր դեպի Նապոլեոնը։ Դու հիշում ես նաև, որ ամեն տարի, երբ դասախոսությունները հասնում էին նապոլեոնական շրջանին, նրա կյանքին, ռազմական և քաղաքական նրա գործունեությանը, ես գտնվում էի արտակարգ ուրախության մեջ, իմ տրամադրության բարձրության չէր հասնի ոչ ոքի տրամադրությունը։ Ես գիտեմ Նապոլեոնի կյանքը՝ ինչպես իմ սեփական կյանքը, եթե մեկնումեկը ինձ հարց տա այս րոպեիս, թե Նապոլեոնը 1796 թվականի նոյեմբերի 17–ին, կեսօրից հետո ժամը 4 անց 15 րոպեին որտե՞ղ էր, ի՞նչ էր անում և ի՞նչ էր ասում, ես կարող եմ ասել առանց երկար–բարակ մտածելու։
— Դա նշանակում է, որ նրա կյանքը գիտես ավելի լավ, քան քո սեփական կյանքը, որովհետև, եթե այդպիսի հարց տամ քո մասին, դժվար թե կարողանաս պատասխանել։
— Ճիշտ է, ճիշտ է։
— Իսկ հետո ի՞նչ,— հարց տվեց Ելենա Բեգլարովնան, աշխատելով թաքցնել իր հեգնական տրամադրությունը։
— Ես չվերջացրի։ Նապոլեոնն ինձ համար ուժի, հանդգնության, իմաստության վեհագույն սիմվոլն է, նա ինձ համար ավելի մեծ է, քան Մակեդոնացին և Կեսարը, օրինակի համար, եթե մենք վերցնենք Մակեդոնացու…
Ելենա Բեգլարովնան, ահաբեկվելով, որ պրոֆեսորը կսկսի արտասանել մի երկար դասախոսություն՝ ապացուցելու, որ Նապոլեոնը Մակեդոնացուց և Կեսարից մեծ է, որովհետև այդպիսի դասախոսություններ շատ էր լսել տանը՝ նրա միակ աուդիտորիան հանդիսանալով, կտրեց նրա խոսքը և ասաց․