Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնտե՛ղ, ուր քամին սուրալով խանձում էր ամեն բույս, այժմ թարմ զովության մեջ աճում էին շուշանն ու նարգիզը, պուտն ու մանուշակը:

Այնտե՛ղ, ուր ժայռերն իրենց հաղթանակն էին տոնում, ճահիճն իր զազիր բորբոսը հոտեցնում, գազանն իր ատամներով կտրտում, անցնում, այժմ սև հող էր գոյանում, խիտ, կենդանի, շարժուն անտառի մեծ տարածություն էր պարզվում, և կյանքը ժպտում էր, ժպտում խնդագին, աճելով ավելի բարձր, ավելի ուժեղ, քան ամեն ժայռ կամ կրակ ցայտող կատար…

Անտառը դարձյալ շարժվում էր. աճողության ուժը հաղթել էր. ոչինչ չէր կարողացել անհետացնել նրան, ո՛չ ժայռ, ո՛չ ճահիճ և ո՛չ գազաններ…

Եվ այժմ, այդ սքանչելի հովիտում, առատաբուխ ջրերի, կապուտակ, վես ծովակների, ծաղկավետ բլրակների կողերին, հին, անհիշատակ ժամանակներից ի վեր աճող անտառը դարձյալ իր հողն է բռնել, դարձյա՛լ ճյուղ ճյուղի միացրած, արմատներով հողը պինդ գրկած, անհամար ճյուղավորությամբ տարածվում է հեռուները և ճգնում է մի թիզ իսկ չթողնել անբնակ, մի քայլ իսկ՝ անմշակ։

Այսպես է լինում։ Լեռնային երկրներում, նույնիսկ գրանիտային աշխարհներում հաճախ տեղի է ունենում այնպիսի դեպքեր, որ նույնիսկ բնության՝ տարօրեն երևույթների վարժ անձը մնում է ապշած…

1905

ԶԱՐԹՆԵԼ Է ԱՌՅՈԻԾԸ
1

Վանդակի մեջ կաշկանդած առյուծը զարթնել էր։ Զարթնել ու կատաղել:

Ազատության տենչից, կապանքներից, երկարատև տանջանքներից ու անվերջ ճնշումներից՝ մռնչում էր զայրալից, ամեն ինչ փշրել սպառնում, վանդակ ու շղթա, պատնեշ, գազանապահ՝ խորտակել պատրաստվում։

Գազանապահներն իրար էին անցել: Ո՛չ զայրացկոտ նրանց աղաղակները ընդունակ եղան առյուծի մռնչյունից բարձր հնչել, ո՛չ սպառնական շարժումները, ո՛չ էլ գլխավոր գազանապահի շիկացած, կայծեր արձակող ձողը։

Կատաղել էր առյուծը, արյունն աչքը կոխել. վանդակը ցնցում էր