Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

են, զարդարում միայն: Ւ՞նչ են այդ չնչին արարածները, որ մեզ ուշադրության առարկա դառնան…

Ու թողին: Ժպիտը դեմքերին՝ ժայռերը դիտում էին փոքրիկ արարածների բազմանալը, ճահիճը մինչև իսկ ուրախացավ, որ ինքն էլ բուսնելու ընդունակ է, իսկ գազանները արհամարհությամբ անցնում էին նրանց կողքով։

— Հիմար բաներ են, թողեք աճեն՝ որքան կուզեն…

Եվ աճեցին, բարձրացան, արմատները խորը մղեցին, լուռ, առանց աղմուկի պարզվեցան ամեն ուղղությամբ, ժայռերի տակ մտան, ճեղքերից, խորշերից գլուխ դուրս պարզեցին, հետո մեկեն, բուռն մղումով այնպես առաջ գնացին, որ ինչքան քար կար՝ ճեղքվեց, ինչքան ապառաժ` երկու կտոր եղավ…

Անտառը շարժվում էր:

Գարնանային անձրևներից հետո եկան հյութալից, աճեցնող օրերը, մանր ճյուղավորությունները դուրս պարզվեցին ուժգնությամբ, արմատները հսկա ուժով դեն գլորեցին իրենց ճնշող քարերը, ապա ուռելով՝ փշրտեցին, գրեթե հող շինեցին ապառաժները, ճահիճը տեղի տվավ ահաբեկ, գազանները սոսկումով ետ քաշվեցին նոր ծառերի դուրս պարզած փշերի առաջ, հովիտը մեկեն կենդանացավ, առուները հոսեցին, ծովակները՝ ժայռերին ծեծելով, տակը փորելով՝ փլեցրին ու ջրով ծածկեցին…

Ու այս ամենը այնքան արագությամբ կատարվեց ու մեծացավ այնուհետև, որ վիթխարի կատարը սոսկումից կծկվեց, ժայռեր ջարդված` շտապեցին թաքնվելու աճող խոտերի տակ, գազանները առանց ետ նայելու՝ դուրս թռան հովիտից, ճահիճը սմքած՝ իր վերջին բորբոսը տարավ կծկծելու հեռավոր ժայռերի ստորոտում։

Այնուհետև այլևս անհնար դարձավ շարժվող անտառի առաջն առնել։

Յուրաքանչյուր ծառ, յուրաքանչյուր թուփ և ծաղիկ բյուրավոր ընձյուղներ արձակեց ամեն ուղղությամբ, կաղնին, լորին, բոխին, հացենին դեն շպրտեցին իրենց նեղող քարերը, ծակեցին-անցան ժայռերը, ոտնատակ առին, իրենց արմատների յուրաքանչյուր թելով փշրտեցին, հող շինեցին նրանց, և այնտեղ, ուր շատ տարիներ առաջ գազաններ էին օգնում, գորտն էր կռկռում, մողեսը թափառում, այժմ բազմաթիվ վտակներ, ավելի առատ քան առաջ, եկան ոռոգելու ծառ ու ծառաստան, վարդ ու ծաղիկներ։

Այնտե՛ղ, ուր չոր անապատը ավազն էր ոլորտում օդի մեջ, այժմ ծառերի տերևներն էին սոսափում, և ճյուղերի միջից թռչուններ էին դայլայլում։