Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
4

Եղավ՝ ինչ որ լինում է անխուսափելի։ Շուտով հրեշների շուրջը կազմվեց մի ամբողջ բանակ դրանիկների, ստվար արքունիք, մատակարարներ, գլուխ ջարդողներ, դժգոհ անձերի լացն արգելակողներ, բողոքողների լեզուն կտրողներ, թարմ ուղեղների վարպետ որսողներ։

Ապա, երկրի խորքերում հայտնվեցին կամ ուղարկվեցին ճարպիկ գործակալներ, որոնք օր ու գիշեր մտածում էին ուղեղ հասցնել ամենակարող Բյուրին, հաստափոր Բուրին։ Մտածում էին նրանց կերցնել–կշտացնել, քծնել–շողոքորթել, երկիրը տանջել և հրեշների շնորհիվ՝ իրենց ստամոքսն էլ լցնել-հափրացնել:

Այդպես է լինում միշտ։ Որտեղ ճահիճ կա, այնտեղ էլ գորտեր, անթիվ զեռուններ։

Ուղեղ ուտելն այնուհետև վարակիչ դարձավ, ուղեղը՝ համով կերակուր, միակ գիրացնող։ Ուղեղ գտնելը՝ երկրի թարմ գլուխն եր ջարդելը— միակ իդեալ, միակ զբաղմունք ողջ արքունիքի, պաշտոնեության, սպասավորների, արբանյակների…

Ոչ մի երիտասարդ այլևս այն լայնատարած, շքեղ Իրանում՝ ազատ չէր մնում։ Վաղ թե ուշ՝ պիտի վրա հասնեին, մեկ-մեկ բռնոտեին, գանգերից պիտի լեռներ կազմեին, իսկ ուղեղներից համովը՝ երկու վիշապին, փոքր պատառները՝ իրենց վիշապացած ստամոքսներին կերակուր տային… Ու դարձյալ գային, դարձյալ տանեին, անվերջ սպառեին…

Իրավ է, եղան հանդուգներ,— ասում է զրույցը,— եղան, որ փորձեցին Բյուրին կամ Բուրին անոթի թողնել, այդպիսով նրանց ուժը ջլատել։ Զարկին գործակալներին, զարկին, սպանեցին, սրան ոչնչացրին, նրան անհետացրին, բայց ոչ գործակալը պակսեց, ո՛չ էլ արբանյակներ: Սպանվածների տեղ նորերը ուղարկեցին՝ ավելի անգութ, շատ ավելի անհագ:

Հետո,— ասում է դարձյալ այդ նույն լեգենդը,- մեծ-մեծ ջանքերով, դավադրությունով՝ Բյուրին հարվածներ հասցրին, ուրին գանակոծեցին։ Բայց Բյուրը կատաղեց, կերած ուղեղների թիվը շատացրեց: Իսկ Բուրի՝ ծեծից ախորժակը գրգռվեց, և նա շատ ավելի թարմ ուղեղներ փնտրեց…

5

Այդպե՛ս, երկա՜ր տանջվեց անբախտ Իրանը, սնունդ դառնալով երկու օձերին, քմահաճույքի զոհ՝ հրեշ Զոհակին։

Աղի անապատից մինչև եզերքները Սպիտակ ծովի (պարսիկ անունն