Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց ի՜նչ… նայիր մեկ, երբ մորթողը դանակը ձեռքին, թևերը քշտած՝ մտնում է հավերի մեջ. նրանցից ո՞ր մեկը չի ճչում կամ չի խուսափում. ո՞ր մեկը հուսահատաբար չի զարնվում կոճղերի, քարերի, սուր–սուր փշերի և ո՞ր մեկն արդյոք իր աղաղակներով, աղեխարշ ձայնով օդը չի լցնում. և երբ բռնվում է, երբ դանակը վզի կեսը կտրել է — ի՞նչ կա ավելի հուզիչ, ավելի ճնշիչ, քան նրա աղաղակը, լացն ու գանգատը…

Կարծում եք մյուսները, որոնք այդքան անշարժ կանգնած են և աչքերը պայթելու չափ բացած, քարացած հայացքով կծկված նայում են – չե՞ն զգում… Մոտից նայեցեք. ինչպես են դողում սարսափահար. յուրաքանչյուր անդամն ու մասը դողում է արագ, սոսկալի կերպով, և նրանց աչքերը չեն կարողանում հեռանալ մորթվողի տանջանքից, հոսող արյունից:

Զգում են, գիտեն։ Գիտեն, որ ազատվելիք չունեն, որ իրենք ծնվում են ուտելու համար։ Բայց, ինչպես մարդկանցից շատերը, նույնպես և հավերը, ճակատագրական են համարում սա. անխուսափելի, բոլորովին բնական։

Եվ ծնվում են, մեծանում, ապրում ու մորթվում, մորթվելիս՝ ճչում, աղաղակում, իսկ մինչև մորթվելը՝ ոչ ոքի մտքովը չի անցնում ազատվել, մի ճար մտածել։

Եվ ինչպե՞ս անել, երբ վաղուց կորցրել են բարձր թռնելու ընդանակությունը, երբ նրանց տերն ունի միջոց ճնշելու, հուպ տալու, բանտարկել պահելու, իսկ իրենք, վաղուց֊ չգիտեմ ե՜րբ, որ ժամանակից — պաշտպանվելու ամեն ընդունակությունից զրկվել՝ դառել են ստրուկներ խղճալի մտքով, գծուծ զգացմունքով, վախկոտ սրտերով և ազատության ցանկությունը ընդմիշտ կորցնելով։

Բ

Բայց ահա մի օր հեռավոր երկրներից մի տարօրինակ աքաղաղ հայտնվեց աղայի հավային մեծ գաղութում։

Այդ այսպես եղավ։

Մի առավոտ, երբ բոլոր հավերն ու աքաղաղներն ագահաբար կտցահարում էին բակի մեջ սփռված հատիկները, հանկարծ լսվեց թևերի ուժգին թափահարություն, և ցանկապատից ներս ընկավ մի երկարահասակ թռչուն։ Հավերը ճչալով ետ փախան ու, շրջան կազմելով, հեռվից սկսեցին դիտել նորեկին, որ մեջտեղ կանգնած, ուշադրությամբ զննում էր բոլորին։