Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի քանի անգամ նույնիսկ միայնակ կռիվ տվավ ուրուրի դեմ և արյունաթաթախ անելով՝ քշեց նրան։

Աղան իհարկե տեսավ նորեկին, զարմացավ, թե որտեղից էր ընկել նա իր գաղութի մեջ, բայց չհալածեց, այլ թողեց, որ մնար և իր հպատակների մեջ լավ ու զորեղ սերունդ առաջացներ։

Բայց նորեկի տարօրինակությունն այդ չէր միայն: Երբ գիշերվա մութը պատելու պես բոլորը կծկվում էին թառի վրա, նա սկսում էր պատմել հրաշալի բաներ օտար, անծանոթ, սիրուն աշխարհներից: Պատմում էր, թե որտեղից էր ինքը, թե ինչ երկրի, ինչ ժողովրդի զավակ էր և թե ինչպես կային հավեր և աքաղաղներ, որոնք ապրում էին առանց ցանկապատի, առանց աղայի և որոնց ոչ մորթում էին և ոչ էլ չարչարում։

-Այնտեղ, հեռու,- պատմեց նա մի երեկո էլ,- շատ և շատ հեռու, կա մի շքեղ երկիր, բարձրաբերձ լեռներ, մեծ֊մեծ անտառներ, ուր ապրում են մեզ նման հավեր ու աքաղաղներ՝ անվանդակ, ազատ շրջավայրերում։ Ծնվում են նրանք, մեռնում առանց մորթվելու և ուրիշների կերակուր դառնալու։ Այդ երկիրը հափշտակիչներին անմատչելի է…

Եվ ստրուկ հավերն ու աքաղաղները լսում էին նորեկին զմայլմամբ ու չէին հավատում։

-Քաղցր է այնտեղի կյանքը,– շարունակեց նա,- առանց շրջա¬փակի, առանց աղայի, ուտում ես՝ ինչ աշխատում ես. ծնում ես զավակներ, տալիս ես նրանց ծծելու ազատ օդ՝ թողնում ես մեծանալու և բազմանալու։ Ամեն ոք իր կյանքի տերն է. ամբողջ բնությունը քոնն է, դու՝ բնության մի մասը. ուրուրը չի համարձակվում իջնել նրանց մեջ, ձագերը խլել, կանանց վախեցնել: Կոշտ֊կոպիտ աղան այսպես չի գալիս դանակը ձեռքին, բռնում֊մորթոտում յուրաքանչյուրին։

-Իսկ ինչպե՞ս գնալ այդ երկիրը,— հարցրեց մի աքաղաղ:

-Դրանից հեշտ բան չկա,– պատասխանեց նորեկը, — ահա, տեսնո՞ւմ եք այդ գետակը. ես ձեզ կառաջնորդեմ. կընկնենք դրա ջրերի մեջ, հոսանքը մեզ կտանի մի տեղ կհասցնի, և եթե այն երկրներին չենք հասնիլ, գոնե ազատ կապրենք և շրջափակից ու մորթվելուց հեռու կլինենք:

-Իսկ եթե խեղդվե՞նք։

-Ի՞նչ կա. չէ՞ որ մի օր այստեղ անպատճառ պիտի մորթեն մեզ. ավելի լավ չէ՞ փորձել ազատվելու և մեռնել ազատ։ Բայց գուցե հոսանքը մեզ տակովը չտանի, գուցե մի ցամաք տեղ հասնենք, թող լինի օտար տեղ, բայց հեռու այս գերությունից… Ասաց, լռեց և նայեց բոլորին։

Հավերը ամենքը լուռ էին։ Նրանցում զարթնում էր երազելու, լավ