Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրեր ցանկալու ընդունակությունը։ Իրավ, ինչ լավ կլիներ դուրս գնալ հեռու, շաա հեռու, ազատ լինել, ազա՜տ ապրել…

Ողջ գիշերը քնել չկարողացան, ջղային դրության մեջ էին. գետակին էին նայում, միմյանց հետ խորհում ու վիճում։

Բայց աղան գիշերը լսել էր նրանց կչկչոցը, անհանգստությամբ ելել էր դիտելու:

-Այս ի՞նչ է,- զարմանում էր նա,- հավերս անհանգիստ են. այդ օտար, վայրենի աքաղաղը փորձանք է բերելու գլխիս. շատ են ժողովվում նրա շուրջը… Չէ՛, վաղն ևեթ նրան պիտի հեռացնել այստեղից։

Լուսադեմի մոտ` օտար աքաղաղը հանկարծ վեր թռավ, կուկուրիկու ձայնեց, հավերին շուրջը ժողովեց և գոչեց.

-Գնա՛նք, ուրեմն, եղբայրներ, ժամանակն է, հետևեցեք ինձ, և ազատվենք գերությունից…

Ապա ոստնեց ցանկորմի վրա, ցած նետեց իրեն, վազեց համարձակ, գետակը մտավ, խրախուսեց հետևողներին, կանչեց և հոսանքի մեջ ընկավ։

Մի քանի հավեր և աքաղաղներ հետևեցին նրան ու ջռւրը մտան: Երկուսը, տեսնելով հոսանքի պտույտը, ահաբեկ ետ դարձան, մեկը քարացավ վախից և կանգնած մնաց ջրի եզերքին, մի ուրիշն էլ չկարողանալով սրտապինդ մնալ- խեղդվեց, իսկ օտար աքաղաղն ու տասնի չափ գերիներից՝ քաջաբար տվին իրենց հոսանքի ընթացքին և շուտով անհետացան մյուսների աչքերից…

Գ

Անցան շատ օրեր։ Աղան գուշակեց բանն ինչումն էր. բարկացավ, կատաղեց ցանկապատից դուրս եկող, բայց վարանողներին իսկույն մորթոտեց, ուշադրությամբ զննելով՝ կասկածավորներին գաղութից զատեց՝ սպանեց, մի քանիսին էլ աոանձին փակեց։ Ապստամբությունն այդպիսով խեղդել մտածեց։ Մյուս կողմից էլ մնացողների կուտը ավելացրեց և եթե նրանցից մեկին մորթել էր կամենում, այլևս մյուսների առաջ չէր գործում, այլ աոանձին, որ տեսնողների մեջ հուզում չառաջացներ։

Մի խոսքով, ամեն ջանք ի գործ դրեց և օտար աքաղաղի թողած ազդեցությունը ոչնչացնել աշխատեց։

Գաղութը քիչ-քիչ սկսեց հանդարտել: Այլևս վախվխելով և անկյուններում էին խոսում հավերը օտար աքաղաղի և նրա հետ խուսափած ընկերների մասին։ Եղան շատերն էլ, որոնք հաստատում էին, թե ազատվողները