Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց ծխատեր քահանան էր… Բոլոր աղքատները օրհնում էին նրանց, որոնց տունը երբեք մի պարեն չէր մտնում, որից իսկույն բաժիք, չունենային թաղի և մինչև իսկ հեռու կողմերի հայցող աղքատ ընտանիքները: Տան տիրուհին, Խաչատուրը և նույնիսկ Սեդրակը, ամեն այն ժամանակվա հայի պես, շատ բարեպաշտ մարդիկ էին, ամեն օր գործի գնալուց առաջ, երկու որդիք իրանց կանանց և մոր հետ եկեղեցի էին գնում, աղոթում էին ջերմեռանդությամբ, առատությամբ նվերներ էին տալիս եկեղեցուն և զատկական լուսագնի ժողովելու ժամանակ, շատ լուսագին տվողների մեջ էին գտնվում նաև Գրիգոր աղայի որդոց անունները, որոնք կարդացվում էին եկեղեցու մեջ Հաջի խալֆայի կամ Ղազարոս տիրացուի բարձր ձայներով:

Կանայք եկեղեցուց ետ դառնալուն պես գբաղվում էին տան գործերով, և երբ երեկոյան տղամարդիկ տուն էին գալիս, նրանք ժողովվում էին միասին մի սեղանի շուրջը, զվարթ խոսակցություններով ընթրում էին, հետո փոքր-ինչ միմյանց հետ կատակներ էին անում փոքրիկ Գրիգորի հետ (որը իր պապի անունն էր կրում) փոքր-ինչ էլ խաղում, ապա միասին ոտքի կանգնած բարձրաձայն աղոթում էին, և յուրաքանչյուր ոք իր սենյակն էր գնում քնելու։

Նրանց կյանքը միշտ այսպես էր, և դեռևս ոչ մի դժբախություն չէր եկել կոտրելու նրանց երջանիկ կյանքը, և նրանց հարստությունն օրից օր ավելանում էր։

Մի երեկո, երբ տղամարդիկ ներս էին մտել, և երբ ճրագները վառվել էին արդեն, հանկարծ մի խուլ աղաչական լսվեց փողոցի մեջ։

Սեդրակը իսկույն, կամեցավ դեպի փողոցը վազել, տեսնելու համար, թե այդ ինչ աղաղակ էր, սակայն Խաչատուրը՝

— Սեդրակ,— ասեց,— փոխանակ փողոցը ելնելու, շուտով ծառայի հետ փողոցի դռան մոտ գնացեք և նիգերը ամրացրեք…

— Հա,— ասաց Սեդրակը գունաթափվելով,— ենիչերիի աղաղակ էր…

— Այո՛,– դիտեց մայրը,— այդ անիծածները Էրզրումը քանդեցին, աստված էլ թող քաղաքը պաշտպանելու պարտք ունեցողներին քանդե…

Սեդրակը ծառայի հետ գնացին և փողոցի դռան նիգերը ամրացրին։ Ըթրիքը շուտով պատրաստվեցավ, և ընտանիքի անդամները նստեցին ընթրելու, երբ հանկարծ նորից լսվեց նույն աղաղակը և այս անգամ ավելի մոտից… դռան ետևից մի ուրիշ ավելի մեծ աղաղակ և հանկարծ փողոցի դուռը մի բուռն հարվածից այնպես դղրդաց, որ քիչ մնաց փշրվեր:

Բոլորը գունաթափված ոտքի թռան: