— Մեր դո՞ւռն էր,– հարցրեց կակազելով Խաչատուրը։
Մայրը ձեռքով պատին կռթնեց և գլխով դրական պատասխան արվավ: Հարվածը կրկնվեց և այս անգամ լսվեց մի խռպոտ ձայն, որը գոչում էր թուրքերեն:
— Բացե՛ք, թե չէ դուռը կփշրեմ… բացե՛ք, վնաս չպիտի տամ, մի կտոր հաց պիտի ուտեմ ու հեռանամ։
— Ինչպե՞ս դրացիներից ձայն հանող չկա,— մռմռաց Սեդրակը բարկությունից գունաթափվելով։
Խաչատուրը վախեցած նրան նայեց։
— Որդիք,— հազիվ կարողացավ խոսել մայրը արտասվախառն ձայնով,– անիրավը դուռը կփշրի և այն ժամանակ վա՜յ մեզ… գնացեք բացեք, գուցե իր ասածի նման միայն մի կտոր հացով բավականանա…
Սեդրակը կատաղությամբ բռունցքները սեղմած չորս կողմն էր նայում:
— Անիծյալ կյանք,— մռմռաց նա,— մի հատ զենք չկարողանա ունենալ մարդ իրան պաշտպանելու համար։
Ընտանիքի մեջ ամենքը գիտեին Սեդրակի դյուրագրգռությունը, ուստի ավելի դրա համար էր, որ վախենում էին դուռը բանալու. եթե հանկարծ հանդուգն երիտասարդը մի անխոհեմություն աներ, ենիչերին իսկույն պիտի կատաղեր, կռվի պիտի բռնվեին և այն ժամանակ միշտ վնաս կարող էր առաջանալ. կամ ենիչերին կոտորածներ անելով կհեռանար, և կամ Սեդրակը նրան կսպաներ… ահա միայն այդ ժամանակ կառավարությունը մեջ կմտներ, և Սեդրակը հավիտյան կկորսվեր իբրև մարդասպան… ո՞վ էր նայողը, թե հանցավորն ով է, մի՞թե իրավունք ուներ մի գյավուր ձեռք բարձրացնել մի մյուսուլմանի վրա…
Գ
Ենիչերին, որը մի ավազակային վայրենի դեմքով տաճիկ էր և հայտնի չէ, թե որտեղից ձեռք ձգել, խմել էր մի քանի գավաթ օղի, շարունակ աքացիներ էր տեղում դռան վրա և կոկորդը պատռելու չափ բարձր ձայնով անասելի հայհոյանքներ էր տեղում և սպառնում էր ամեն ինչ քարուքանդ անելու և ամենքին հավի պես մորթելու:
Նա զինավորված էր պաղ զենքերով, այսինքն ուներ միայն մի երկար սուր կողքից կախած և մի կեռ դաշույն մեջքի լայն գոտիի մեջ խրած, իսկ ձեռքումը կրում էր մի ահագին գլխով կարճ ցուպ, որով նա ամենայն ուժով խփում էր դռան։
Վերջապես Խաչատուրը դողդոջուն քայլերով մոտեցավ դռան և դուռը բաց արավ։