Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կռվում էին երկու քահանաներ, և իրանց կռիվը հետզհետե հրավիրեց այդտեղ բոլոր մյուս քահանաներին և կռիվը ընդհանուր դարձավ։

— Իհարկե,— գոչում էր տեր-Մեսրովբը տեր-Պետրոսին,— հարուստ ծուխերը բոլորը քոնն են, էլ ցա՞վդ ինչ է… ասում ես քիչ ծուխ ունես, հը, թե քաջ ես, արի ծուխներս փոփոխենք, ես իմ ծուխերից երեքը կը. տամ, դու քոներիցը մեկը տուր…

— Ինչո՞ւ չէ,– ասեց տեր-Պետրոսը ժպտելով,– ո՞րն ես կամենում։

— Այ ես քեզ կտամ Ծատուրենց, Փիլանենց, տեր-Կարապետենց, դու ինձ տուր Տիարպեքիրցենց…

— Ինչպես չէ,— ծիծաղեց բարձրաձայն,— ձեռքերդ բաց մեջը դնեմ… ծուխներիցդ տասը տաս, ես Տիարպեքիրցենց չեմ տալ…

–Տեսա՞ր… լավ, ուրեմն տեր-Ազարենց տուր…

— Ինչե՞ր ես խոսում,— գոչեց տեր-Պետրոսը,- թե՞ խենթացել ես, ասա, ո՞ր հիմար քահանան տեր-Ազատենց պես ծուխ ունենա և ձեռքիցը բաց թողնե… ա՞յ եթե կուզես քո ծուխերիցդ հինգ ծուխ տուր, ես քեզ կտամ Մարդաքանենց…

— Հը,— ծիծաղելով մեջ մտավ այդ միջոցին տեր-Մկրտիչը,– լսել ես, որ նրանց գործերը վատ են գնում նրա՞ համար…

— Այն չէ, բայց սա Հաջի Կարապետենց լսել եմ, որ ծախում ես, քանիի՞ կտաս,— ասեց տեր֊Գրիգորը։

— Ծախո՞ւմ է, հա՛, ծախո՞ւմ ես,— գոչեցին բոլորը,– քանի՞, քանի՞,

―200 ղուրուշ կանխիկ:

— Շատ թանգ է,– գոչեց տեր-Մարտիրոսը,– 150–ի կտա՞ս…

— Ես 180 կտամ,— մեջ մտավ տեր֊Անդրեասը…

— Ես 190…- գոչեց տեր-Գրիգորը…

― 200 ես տվի գնաց,— ասաց տեր-Մկրտիչը և, բռնելով տեր-Պետրոսի ձեռքը, թոթվեց։

— Փո՞ղը,— հարցրեց վերջինս։

— Հիմա տնից գալուն կբերեմ։

Այդ միջոցին եկեղեցին մտավ մի միջահասակ քառասնամյա մարդ, գունաթափ դեմքով և կոր քամակով… Մոտեցավ սեղանին, աղոթեց մի քանի րոպե արտասվելով և ապա դառնալով քահանաներից տեր-Մարտիրոսին, ասեց դողդոջուն ձայնով.

— Տեր-հայր, կարո՞ղ ես ինձ խոստովանեցնել…

— Ինչո՞ւ չէ, Խաչատուր աղաս,— ժպտաց քահանան,— բայց պատրա՞ստ ես։

— Այո,— մրմնջաց Խաչատուր աղան,