Այդ միջոցին սենյակն էին թափվել Խաչատուրը, մայրը հարսը և ծառան, որոնք որքան աշխատում էին Սեդրակին ետ քաշել՝ անկարելի էր լինում։
— Սեդրակ, մեր տունն ես քանդում…— գոչում էր խեղճ մայրը…
— Սեդրակ, սպանեցիր․․․— գոչում էր եղբայրը։
— Սեդրակ, հերիք է․․․— ասում էր մեծ հարսը…
Իսկ Սեդրակը աչքերը մեծ-մեծ բացած և արյունոտ, մազերը ցից, ձեռքերը և դեմքը արյունով ողողված, կատաղի մռնչյուններ արձակելով տապարի հարվածներ էր տեղում արդեն ամեն կողմից ջախջախված ենիչերիի դիակի վրա և մռնչում էր…
— Թողեք… Թողեք զարնեմ…
Վերջապես բռնեցին նրան և երբ կամենում էին տապարը ձեռքից առնել հանկարծ նա տապարը վերջին անդամ ուժգնությամբ նետեց դիակի վրա, մի անգամ ևս կատաղի և արյունոտ աչքերով նրան նայեց, հետո իր չորս կողմը… և մի այնպիսի դառն, այնպիսի սոսկալի ծիծաղ արձակեց, որ ամենքը վախեցած թողին նրան և ետ քաշվեցան…
Սեդրակը խենթացել էր…
Հազիվ թե գալիս է ավագ հինգշաբթին և ահա քահանաները այլևս հանգստություն չեն ունենում, որովհետև ամեն կողմից նրանց մոտ են թափվում խոստովանողները… նրանք պետք է իսկույն հաղորդություն տան մանուկներին, հետո մեկ-մեկ խոստովանեցնեն իրանց մոտ եկող մարդկանց և, որը տաժանելի է նրանց համար, մյուս օրն էլ առավոտյան շուտով պիտի շարունակ երկու օր խոստովանեցնեն կանանց և աղջիկներին, որոնք արդեն տեղ են գրավել եկեղեցու մեջը և շուրջը, միմյանց հրմշտում են, իրանց խոսակցություններով ականջ են խլացնում և շատ անգամ այնպես կռիվներ սարքում եկեղեցու մեջ, որ քահանաները թողնելով իրանց խոստովանանքը, ստիպվում են միջամտել, կոկորդ պատռելու չափ գոռգոռալ և կռիվը աշխատել հանդարտեցնելու։
Եթե չլինեին զատկական երեք օրվա առատ եկամուտները և ոչ մի քահանա հանձն կառներ այդ տաժանելի աշխատությունը, որը տարին երկու անգամ կրկնվում է էրզրումում։
Ավագ հինգշաբթի օրվա առավոտը, ժամերգությունը վերջացնելուց հետո, երբ քահանաները կամենում էին նախ տուն երթալ հաց ուտելու, որ հետո և սկսեն խոստովանությունները… փիլոնը ցած առնելու ժամանակը աջակողմյան դասում լսվեց մի կռվի ձայն։