Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեզ, բայց տես, խոստացիր որ ինչպես վայել է քահանայի, խոստովանանքս քեզ մոտ գաղտնի պիտի մնա մինչև հավիտյան…

— Այդ ի՞նչ խոսք է, որդի,– ասեց քահանան,— իզուր ես այդպիսի խոսքեր ասում, արդեն քահանայի պարտքն է ամեն խոստովանանք մինչև հավիտյան գաղտնի պահել… մեր օրենքի մեջ սաղ-սաղ վառում են այն քահանային, որը խոստովանանքը դուրս է տալու…

— Աստված կարգիդ միշտ հաստատ պահի,— ասեց Խաչատուրը փոքր-ինչ միամտելով,— այժմ լսիր… սրանից տասը օր առաջ, մի գիշեր մեր տուն մտավ մի ենիչերի… կերավ, խմեց…,— բայց դրանով չբավականացավ և ուզեց, որ մեր Սեդրակի կինը իրեն հանձնենք…

—Վայ անօրեն, վայ,— գոչեց քահանան սոսկում հայտնելով։

—Լսիր… սուրը քաշեց, խլեց, Սեդրակին սենյակից դուրս շպրտեց և առավ կինը իր գիրկը… մենք փախանք բոլորս. բայց Սեդրակը, որը, ինչպես գիտես, փոքր-ինչ դյուրագրգիռ է, լսելով իր կնոջ ճիչերը… խլեց տապարը և ներս վազեց… Ախ, տեր հայր, մինչև որ ես հասա… Սեդրակն արդեն ջարդել էր ենիչերիի գլուխը…

Եվ լռելով գլուխը կուրծքին կախեց ու սկսեց արտասվել:

Քահանան պահ մը քարացած մնաց այդ սոսկալի խոստովանության վրա, բայց իսկույն ամփոփեց իրան և ասեց…

— Վատ բան… ուրեմն Սեդրակը այսօրվանից խենթացավ:

— Ա՛խ— այո, տեր հայր,— ասեց Խաչատուրը,— խենթացավ… կինն էլ այժմ մեռնելու մոտ հիվանդ է… Աստված մեզ այցելե…

— Իսկ ենիչերիի դիակը ի՞նչ արիք,— հարցրեց քահանան։

— Դիակը… մեր բակի մեջ թաղեցինք…

Տիրեց պահ մի լռություն, որից հետո քահանան ասեց ծանրությամբ.

— Թեև վատ բան է այդ, Խաչատուր, բայց եղածը եղած է, լավ արիր, որ երկար խոստովանեցար… Աստված գուցե ձեր տան մեղքը ջնջի… ոչ ոքի չխոսեք, զգուշ կացեք, ապա թե ոչ, տնով-տեղով կկորսվիք… Այժմ արձակում տամ քեզ… դու ձեռքերդ արյունի մեջ չես թաթախել, դու այդտեղ անմեղ ես…

Եվ քահանան մտազբաղ տվավ արձակումը.

Ե

Տեր-Մարտիրոսը խիստ մտազբաղ էր։

Ո՞վ գիտե ինչ էր մտածում նա, մինչև իսկ նրա պաշտոնակիցները նկատեցին, որ նա մի քանի օր էր, շարունակ աղոթքները սխալ էր