Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարդում, մեկը մյուսի փոխարեն… հեռու էր քաշվում խմբից և շատ անգամ գնում էր Ղավազից դուրս— դաշտերում թափառելու…

— Խեղճը հիվանդ է…— ասում էին պաշտոնակիցները։

Բայց հանկարծ տեր-Մարտիրոսը փոխվեցավ, նրա տխրությունը բոլորովին անցավ, նա այժմ զվարթ էր, նրա դեմքն այժմ փայլում էր, նա սկսեց նորից խոսել, կատակներ անել, մինչև իսկ խմել։

Սակայն իր այս զվարթության մեջ իսկ նա տարօրինակ էր։ Որովհետև զվարթությունից թեթևացել էր, դեմքը փայլում էր այնպես ուրախ, որ կարծես մի մեծ գանձ էր զտել, կատակներ անում էր սովորականից ավելի, ծիծաղում էր իր սովորության հակառակ ավելի բարձրաձայն և տևողական ու խմում էր ավելի և ավելի շատ, այնպես որ մի օր սրբազան առաջնորդը հանդիմանեց նրան ասելով․

— Տեր-Մարտիրոս, թեթևացել ես։ ի՞նչ ես գտել, որ այդպես զվարթացել ես… եթե գանձ ես գտել, ինչո՞ւ ես մոռանում քո առաջնորդին։

Սակայն տեր-Մարտիրոսը և ոչ իսկ ուշադրություն էր դարձնում նրան։ Իր պաշտոնակիցները մի օր սոսկացին, տեսնելով, որ տեր-Մարտիրոսը այլևս հավատում է իրանց և հասույթը կիսելու ժամանակ, փողը առանց համրելու գրպանն է լցնում։

— Խենթացել է… բոլորովին խենթացել…— ասում էին նրանք։ Մի օր տեր-Մարտիրոսը հանկարծ Գեոլբաշին գնաց և վարձեց քսան հատ մշակներ և որմնադիրներ, տարավ տուն, հրամայեց իր կնոջ և որդվոցը, որ քաշվեն դրացիի տունը և տունը սկսեց քանդել տալ… հետո կանչեց մի ճարտարապետ որմնադիր և սկսեց նրա հետ մի պլան կազմել մի երկհարկանի փառավոր տուն շինել տալու համար…

Երբ պաշտոնակիցները այդ լսեցին, ապշած նախ իրարու նայեցին, և ապա տեր-Պետրոսը ասեց.

— Տեսնո՞ւմ եք անիծյալին… կամ գանձ է գտել և կամ փողերը պահում էր և այժմ երևան է հանում…

Որչափ կուզեին թող զանազան կարծիքներ տանեին, իրողությունն այն է, որ տեր-Մարտիրոսը իսկապես մի մեծ գանձ էր գտել… իսկ թե ո՞րտեղից, այդ կպարզի հետևյալ նամակը, որ նա երեկոյան քաշվելով իր սենյակը, գրեց…

Ահա այդ հետաքրքիր նամակը.

«Սիրելի Խաչատուր աղաս…

«Տուն եմ շինում և առայժմ 100 ոսկու պետք ունիմ, հույս ունեմ, որ կվճարես այդ՝ չնչին գումարը. միամիտ կաց. խոստովանանքդ միշտ գաղտնի պիտի պահեմ, փողը պիտի ուղարկես կարծեմ։ Խոստովանահայրդ Մարտիրոս քահանա»։