Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս դեպքերից մի ամիս հետո, մի շաբաթ օր, երբ սրբազան առաջնորդը եկեղեցուց վերադարձել և օթոցի մեջ ընկղմած սուրճ էր խմում, ծառան ներս մտնելով հայտնեց, որ մի ծերունի թախանձագին խնդրում է տեսնել սրբազանին։

— Ի՞նչպես է հագնված,— հարցրեց սրբազանը:

— Գրիգոր աղայի տղան է, Խաչատուր աղան։

— Հա՞,— Ժպտաց սրբազանը,— թող ներս գա։

Մի քանի րոպեից հետո սենյակն է մտնում մի շատ խեղճ հագնված, կորաքամակ, խորշոմուտ ճակատով, գունաթափ և բոլորովին սպիտակ մազերով ծերունի…

Որչափ փոփոխություն․․․ առույգ, սև մազերով և զվարթ դեմքով Խաչատուրը այժմ եղել էր մի խղճալի ծերուկ, հենված փայտի վրա, փայտ, որը նա դրեց մի անկյունում, արտասվագին մոտեցավ սրբազանին, չոքեց, համբուրեց նրա աջը և գոչեց դողդոջուն ձայնով.

— Սրբազան, եկել եմ քեզ մի հարցմունք անելու, քեզ նեղություն չպիտի տամ, շուտով պիտի երթամ…

— Խոսիր, որդի,— ասաց սրբազանը,— խասիր, ի՞նչ է ցավդ։

— Ցա՞վ,— ժպտաց դառնությամբ ծերունին,— ես ցավ չունեմ այլևս, ի՞նչ մնաց ինձ ցավելու… ցավ չունեմ, սրբազան, այլ մի հարցմունք…

— Ասա՛։

— Հարցնում եմ. մեր եկեղեցու մեջ օրենք կա՞, որ քահանան իրան խսստովանածը ասե ուրիշի, եթե կա- ես իմ հավատս ուրանամ, եթե չկա– նորեն կուրանամ… պատասխանիր, սրբազան, ասա ինձ, օրենք կա՞, թե չկա… կերթամ կփորձեմ պաշտել մահմեդականների աստվածը… կերթամ մահմեդական կլինեմ, մի փաթոթ կփաթաթեմ գլխիս, ենիչերիի հագուստ կհագնեմ, դռնե-դուո կընկնեմ, կզարնեմ, կփշրեմ, կառևանգեմ, կսպանեմ և ապա կերթամ կաղոթեմ նրանց աստծուն,․․․ հարգվել մեր եկեղեցական օրենքները և ծեսերը… ո՞վ է այդ հանդուգնը… սրբազան… ասա ինձ մեր եկեղեցու մեջ կա՞ օրենք, որ քահանան իրան խսստովանածը հայտնե, եթե կա–այս րոպեիս կերթամ մահմեդական կլինեմ, եթե չկա— նորեն կերթամ…

Նա լռեց, արտասուքը առատորեն հոսում էին նրա աչքերից, և սրբազանը ապշած, չգիտեր ինչ պատասխանել։

— Այո,— շարունակեց ծերունին,- մենք գանգատվում ենք թուրք ենիչերիներից որ նրանք կողոպտում են, անպատվում են, սպանում