Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ այս նամակը խանութում ստացավ Խաչատուրը, նախ ապշած բերողին նայեց, որ քահանայի որդին էր, հետո մի անգամ ևս կարդաց, գունաթափվեց, պահ մի մտածեց, ապա մի խոր ախ քաշեց և քահանայի որդու տոպրակի մեջ լցրեց լռությամբ 100 ոսկին․․․

Եթե Խաչատուրը այն սոսկալի դեպքերից հետո գունաթափվել էր բոլորովին, մյուս առավոտյան, երբ հայելիի մեջ նայեց, տեսավ, որ մազերի կեսը սպիտակել են..․ մի խոր ախ ևս քաշեց, առավ վերարկուն և տանից դուրս գնաց մռմռալով…

Մինչև քահանայի նոր տան շենքը վերջանալը, տեր-Մարտիրոսը իր նոր գանձարանից շուրջ 500 ոսկի էր առել…

— Հըմ,— ծիծաղեց նա,— չնչին գումար… կաթիլ ծովից… այժմ սկսենք բուն գործին…

Եվ նա այս անգամ մի անգամից 1000 ոսկու մի նամակ գրեց իր գանձատան… Գանձատունը այս անգամ ապստամբեց, բայց խորամանկ տեր-Մարտիրոսը առավոտյան շուկայից արդեն թուղթ և թանաք գնել էր առատորեն, ուստի ժպտալով նստեց և գրեց.

«Սիրելի Խաչատուր աղաս.

Մինչև չորս օր ժամանակ եմ տալիս քեզ, որ 1000 ոսկին ուղարկես, խոստովանքի՞ցդ ես վախենում, մի վախենա, ոչ ոքի չեմ ասի, այդ արդեն քեզ խոստացել եմ, բայց 1000 ոսկին էլ չպիտի մերժես գաղտնիքդ պահողից։ Հա, լավ միտս ընկավ. Երթևում մի նոր հողի մոտ մի մեծ և սիրուն արտ ունես, լսեցի, այդ արտն էլ, իբր նվեր չես տա քեզ շատ սիրող խոստովանահորդ…»։

Չորս օրից հետո 1000 ոսկին տեր-Մարտիրոսին եկավ արտի թղթերի հետ և ահա իսկույն շուկայում տարածվեց, որ Գրիգոր աղայի որդին, Խաչատուր աղան ծախել է իր բոլոր հողերը և այժմ գործերը շատ վատ դրության մեջ են… իհարկե վատ դրության մեջ կլինեին. հե՞շտ է մի վաճառականին և այն էլ Էրզրումի պես մի փոքրիկ քաղաքի վաճառականին, մի քանի ամսվա մեջ կորցնել 1500 լիրա…

Եթե նամակը կրկնվեր, Խաչատուրն այս անգամ ստիպված էր տունը և խանութը ծախել…

Մի շաբաթից հետո, մի օր, երբ Խաչատուրը եկեղեցու սեղանի առջև աղոթում էր լալագին, մոտեցավ նրան տեր-Մարտիրոսը և կոպտությամբ նրա երեսն ի վեր.

— Խաչատուր, պարտատերերս ինձ շատ են նեղացնում, չե՞ս կարող մի հազար ոսկի էլ ճարել ինձ համար…– և մոտենալով ականջին,– մի վախենա, ասեց,— խոստովանանքդ միշտ գաղտնի է մնացել…