- Աշեմ,- ասաց նա,– կարմրեց և թերթը ձեռք առավ, պահ մի նրա գլխին երևեցող սև տառերով «Մշակ» բառը հեգեց, հետո հանկարծ մի աղաղակ արձակեց և բոթելով իր մոտ նստող գյուղացու կողքը՝ գոչեց.
- Աշե, քավոր Սարգիս, աշե, ասիկ ալ անկից է, աշե, «Մշակ» է գրած…
- Հա՜, տո,– գոչեցին բոլորը և միմյանց մոտ սեղմվեցան։–Մշակ-աղայի գրա՞ծն է ատիկ…
Ես զարմացա. այդ գյուղացիք որտեղի՞ց գիտեին «Մշակը»:
- Ջանիդ ղուրբան, տիրացու,— գոչեց գյուղացիներից մեկը,– ասիկ Մշակ–աղա՞ն է տվեր քեզի։
- Հատ մ’ալ Մկլոն ունի, անոր Մշակ-աղան է տվեր,— ասաց մի ուրիշը,— ո՞ւր է, Մկլո, հանե սա հայու րուզնամեն… անանկ ռնդիկ-ռնդիկ[1] բաներ կան մեջն օր[2]։
Մկլոն ծանրությամբ ձեռքը ծոցը կոխեց, հանեց այնտեղից մի կարմիր կապոց, բաց արավ և պատկառանոք ինձ պարզեց մի չորս ծալած, 79 թվականի դեղնած «Մշակ»։
- Կարդա՛, տիրացո՛ւ,— խոսեց նա լուրջ դեմքով,— Մշակ-աղան է տվեր ինձի… քեզի ալ ան է տվեր ա՛…
- Արծրունի՞ն է տվեր քեզ.
- Արծրունի՞ ով է. Մշակ-աղա, ըսի. կարճ բոյով, սանկ երկար մորուքով մարդ է, աչքերուն գյոզլյուկ… սանկ խոշոր-խոշոր աչքեր… ես անոր ղուրբա՜ն…
- Գրիգոր Արծրունին է այդ.
- «Չէ» ըսի ա՜… Մշակ-աղան է կըսեմ… այ, պատմեմ լսե՜, տիրացո՛ւ…
- Պատմիր, ե՞րբ էր այդ.
- Ռուսի երթալեն ետքը… ռուսը երթալեն ետքը, աս անիրավը ալ զուլում[3] չթողուց, որ չթափեր մեր գլխուն. կըսեին «դուք բերիք Մոսկոֆին» ու կըթալնեին, կսպանեին, կվառեին, կփախցունեին… ո՞ր մեկն ասեմ… մեր գյուղն ալ եկան, մի՞տդ է, քավոր Սարգիս, չէ՞ որ քու դեզերն ալ կրակի տվին… էհ… օրվա հացի կարոտ մնացինք, ալ ո՛չ արտ, ոչ անասուն, ա՛լ մայր, հայր, կնիկ յա զավակ չէր մնացեր…
Նա ձեռքի կարմիր թաշկինակով սրբեց թրջվող աչքերը։
- Հա՛– շարունակեց փոքր-ինչ հետո,— ելա, ըսի Ռուսեթ երթամ