Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատելու… գացիք Թիֆլիզ, ի՞նչ երկնցնեմ, հալալ հաց մը չկերա, կուշտ մը քուն չեղա, օր մը չտեսա… օ՛ր եղավ, տիրացու, որ փորս անոթի, ես ալ հիվանդ ընկած էի… Աստված խղճաց ինձի, քիչ մը աղեկցա, ոտքի ելա… ըսին Մշակ-աղային գնա… գացի. ղուրբան ըլլամ ես անոր, ինձի փարա տվավ, ինձի… Աստված տվավ որ ողջ հասա. շինդիլիք[1] աղեկ ենք… Աստված Մշակ-աղան իր մուրազին հասցնե…

-Է,- հարցրի ես,- այդ թերթը ի՞նչ օգուտ տվավ քեզ, ինչո՞ւ ես պահել:

-Ասի՞կ… կարդամ կը, անանկ ռնդիկ-ռնդիկ բաներ կան մեջն օր… մեզ վրա խոսի կը, մեզի սիրտ կուտա կը… մեռնիմ ես ասոր սրտին, Բասենի մեջ ո՞վ չի ճանչնար Մշակ-աղային:

-Իսկ ուրիշ լրագիրներ էլ տեսե՞լ եք.

-Թուրքերե՞ն:

-Ոչ, հայերեն:

-Ըշտե ասիկ ի՞նչ է, ասիկ հայերեն չէ՞…

-Բայց չէ՞ որ ուրիշ հայերեն թերթեր էլ կան:

-Հա՞,- գոչեցին բոլորը զարմացած,- մենք գիտեինք, թե ասիկ է հայու րուզնամեն:

-Ադամ[2]…- գոչեց մեկը մյուս կողմից,- տիրացուն հանաք կընե կը… Մշակ աղային դայրի[3] ալ ի՞նչ պիտի ըլլա…

Ես նրանց հետ փոքր-ինչ սկսեցի խոսել «Մշակի» մասին, հետո հանեցի պայուսակիցս պատկերների ալբոմս, և ցույց տվի նրանց Գրիգոր Արծրունու պատկերը, բոլորը շրջապատեցին ինձ, այժմ շուրջ քսան հոգի էին, մինչև իսկ դարբինն իր գործը թողել՝ մոտեցել էր Մշակ աղայի պատկերը տեսնելու:

-Հա՛…- ըշտե ասիկ է Մշակ աղան,- գոչեց հուզմամբ գյուղացին, հափշտակեց պատկերը, նայեց, երկար նայեց և զգուշությամբ ետ տալով ինձ, ասաց.

-Ըշտե ադիկ է որ կա…

-Տո՛,- գոչեց դարբինը գլուխը մի գյուղացիի թևի տակից ներս մտցնելով,- ատիկ սրբազանի նմանի կը…

-Հապա՞,- գոռաց տիրացուն,- ես լսել եմ, Հայրիկի աղբոր մանչն է…

  1. Առայժմ
  2. Մարդ
  3. Բացի